Բաժիններ՝

«Ինչո՞ւ Վարուժան Ավետիսյանը գործածեց՝ «ռազմագերի», իսկ ԱԱԾ-ն՝ «ահաբեկիչ» տերմինները». մեկնաբանում է իրավաբանը

««Ահաբեկիչ» տերմինի օգտագործումն ԱԱԾ-ի կողմից լուրջ նորություն էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հ/կ իրավաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի քիչ առաջ տարածած հաղորդագրությանն այն մասին, որ հանձնված խմբավորման անդամներն ահաբեկիչներ են: Հիշեցնենք, որ մինչ այս պահն ԱԱԾ-ն չէր կիրառում «ահաբեկիչ» տերմինը:

Արա Ղազարյանը նախ՝ անդրադարձավ «Սասնա ծռեր» զինված խմբավորման ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի հայտարարությանը, թե խմբավորումը հանձնվում է՝ որպես «ռազմագերի»: Ըստ իրավաբանի՝ այդ տերմինն իրավական կատեգորիա չէ:

««Ռազմագերի» տերմինը տեղին է պատերազմական, ռազմական գործողության ժամանակ, գուցե դա ձևական է ասել: Այս պահին նրանք ձերբակալված են, ունենք բերման ենթարկված անձ, ունենք ձերբակալված, կալանավորված և ազատազրկված անձինք: «Ռազմագերի» տերմինը պատերազմի կամ զինված բախումների դեպքում է կիրառելի։ Դա դեկլարատիվ ձևակերպում է։ Դա իրավական կատեգորիա չէ»,- ասաց Արա Ղազարյանը:

Ինչ վերաբերում է ԱԱԾ հաղորդագրությանը, ապա, Ա. Ղազարյանի խոսքով՝ եթե «ահաբեկիչ» տերմինն են օգտագործում, դա նշանակում է՝ գործը տարվում է ահաբեկչության հոդվածի տիրույթ:

Կարդացեք նաև

«Այսքան ժամանակ չէր օգտագործվել «ահաբեկիչ» տերմինը: Մինչև երկու օր առաջ դեռ ահաբեկչության հանցակազմ չէին պարունակում այդ գործողությունները, իսկ այդպես է, եթե գործողություններն ուղղված չեն բնակիչների, քաղաքացիական անձանց դեմ։ Բայց, եթե ԱԱԾ-ն նման տերմին է օգտագործում, ուրեմն փաստեր ուներ, որ այդ գործողություններն ուղղված էին ոչ միայն՝ պետական մարմինների, ոստիկանների դեմ, այլև՝ քաղաքացիական անձանց դեմ: Այդ տերմինի օգտագործումը ցույց է տալիս, որ նպատակ ունեն 217 հոդվածը կիրառել, գուցե՝ խմբավորման ոչ բոլոր անդամների նկատմամբ:

Սա բոլորովին նոր երևույթ է: ԱԱԾ նախկին հոդվածներում օգտագործվում էր պատանդառություն, շենք, շինության զավթում, անօրինական զենք-զինամթերք ձեռք բերել, կրել և կիրառել հոդվածները: Այս օրերին «ահաբեկչություն» տերմինն ԱԱԾ-ն չի օգտագործել, և, եթե այժմ օգտագործել է, ուրեմն կամ փաստեր ունի, կամ նպատակ՝ կիրառել 217 հոդվածը, կամ էլ չեմ հասկանում՝ ինչո՞ւ են այդ բառն օգտագործել: Որոշ փաստեր ցույց են տալիս, որ որոշ գործողություններ ուղղված էին բնակչության դեմ: Այս ընթացքում ձերբակալություններ եղան, 3-4 հոգի ձերբակալվեցին, որոնք բնակիչների շրջանում պայթյուններ պետք է իրականացնեին…

Երեկվա հայտարարության մեջ ասվեց, որ Սարի թաղի ուղղությամբ են կրակել. այս փաստերը կարող էին 217 հոդվածի դաշտ տանել: Եթե ԱԱԾ-ն նման տերմին է օգտագործում, ուրեմն պետք է սպասել ու տեսնել, թե ինչ մեղադրանք կառաջադրվի, որը ձերբակալումից հետո 72 ժամվա ընթացքում պետք է առաջադրվի»,- ասաց Արա Ղազարյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս