«Կոչ ենք անում կողմերին՝ րոպե առաջ գնալ երկխոսության և պատրաստ լինել զիջումների». ԲՀԿ
ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը
Հայրենակիցնե՛ր, այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 29-ին, անընդունելի և խստորեն դատապարտելի է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քանիցս հանդես է եկել հորդորով՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծել բացառապես փոխզիջումների և երկխոսության ճանապարհով: «Բարգավաճ Հայաստան»-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների և անզեն քաղաքացիների հանդեպ իրավապահների կողմից կիրառված ոչ համարժեք ուժը և կոչ անում անհապաղ պատժել մեղավորներին: Այո՛, մեր երկրում կան բազմաթիվ համակարգային լրջագույն խնդիրներ, որոնք օր առաջ հրատապ լուծում են պահանջում: Սակայն, բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում՝ երկխոսության և փոխզիջումների ճանապարհով:
Մեկ բան հստակ է՝ զիջում չի նշանակում պարտություն. պարտվողներ և հաղթողներ չեն լինելու. խաղաղ հանգուցալուծում չգտնելու դեպքում պարտվելու ենք բոլորս և առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությունը:
Կրկին կոչ ենք անում կողմերին՝ րոպե առաջ գնալ երկխոսության և պատրաստ լինել զիջումների, ձեռնպահ մնալ բռնության կոչերից և ուժի կիրառումից: Ստեղծված իրավիճակից միակ ելքը երկխոսությունն ու փոխզիջումներն են: Այլ ելքեր չկան և չպետք է լինեն: Դիմում ենք բոլոր քաղաքական ուժերին՝ մեկտեղել ջանքերը խաղաղ հանգուցալուծման ելքեր գտնելու համար:
ԲՀԿ քաղաքական խորհուրդ