Բաժիններ՝

«Վերջին օրերին էս հարթակից հնչում էին հայտարարություններ, որոնց հեղինակներն ակնհայտորեն չէին հասկանում, թե ինչ են խոսում». Նիկոլ Փաշինյան

Այս պահին քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում, սակայն հարթակում առաջնորդներ չկան: Ժողովրդի շարքերում են Պարույր Հայրիկյանը, Նիկոլ Փաշինյանը: Մեր թղթակցի հետ զրույցում Պ. Հայրիկյանն ասաց, որ ինքը հարթակ չի բարձրանալու:

Հարթակում չէ նաև Նիկոլ Փաշինյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավաքն ինքնաբուխ է և ինքը Ազատության հրապարակ է եկել՝ այստեղ լինելու համար:

Նա հայտարարեց, որ իրենք դատապարտում են ցանկացած բռնություն: Նրա խոսքով՝ ԱԱԾ այսօրվա հայտարարությունը «չմտածված» հայտարարություն է, և մարդիկ չեն հասկանում, թե իրականում ինչ է կատարվում երկրում:

Անդրադառնալով երեկ Սարի թաղում տեղի ունեցած բախումներին և քաղաքացիական հագուստով տղաներին, որոնք ծեծում էին հավաքի մասնակիցներին, նա ասաց. «Այդ ի՞նչ էին կուլ տալիս այդ մարդիկ, ովքեր են նրանք, ինչքանո՞վ են համապատասխանում լուրերը, որ նրանք օլիգարխների թիկնապահներ են: Այսօր արդեն այդ հարցերի պատասխանները պիտի տային… Բազմիցս ասել ենք և էլի ասում ենք՝ ձեռքը տանել կոկորդիլոսի բերանը, հետո ասել՝ վայ, կոկորդիլոսը կծեց, կներեք, դա խելամիտ որոշում չի: Հայաստանում հաստատված է բիրտ, ապօրինի, հանցագործ իշխանություն, որը կարող է համեմատվել կոկորդիլոսի հետ: Մենք միշտ խնդիրը դրել ենք, որ դատապարտում ենք բոլոր էն ուժերին, որոնք իրենց հայտարարում են ընդդիմություն, ժողովրդին բռնում, տանում են կոկորդիլոսի բերանը, հետո ասում են՝ վայ, կոկորդիլոսը կծեց: Ինձ համար ակնհայտ է, որ վերջին օրերին էս հարթակից հնչում էին հայտարարություններ, որոնց հեղինակներն ակնհայտորեն չէին հասկանում, թե ինչ են խոսում: Իսկ եթե հասկանում էին, թե ինչ էին խոսում ու շարունակում էին խոսել, ուրեմն՝ դա շատ ավելի մեծ պրոբլեմ է: Մենք պետք է հասկանանք՝ որտեղից են գալիս պատճառները: Որովհետև այն, ինչ երեկ տեղի ունեցավ՝ ձեռնտու էր միայն Սերժ Սարգսյանին. Ս. Սարգսյանը ստացավ երաշխիք, որ այս պայքարի մեջ հասարակության և ոստիկանության դաշինք տեղի չի ունենա: Երբ մենք ասում ենք բաց ձեռքերի, այսինքն՝ առանց դիմադրության և բռնության քաղաքականություն պետք է վարվի, մեզ ասում են՝ ոստիկանությանը հանձնվո՞ւմ եք: Ոչ, մենք չենք հանձնվում ոստիկանությանը, մենք ասում ենք՝ չենք դիմադրելու և ուժ կիրառելու ֆորմալ առիթ չենք տալու»:

Կարդացեք նաև

Միաժամանակ նա նշեց, որ եթե այդ դեպքում՝ առանց առիթի, ոստիկանությունը բերման ենթարկի քաղաքացիներին, ապա միևնույն է՝ երեք ժամ անց ազատ է արձակելու նրանց ու նրանք դարձյալ գալու են համալրելու իրենց շարքերը: «Իսկ այն լարվածությունը, որ երեկ մտցվեց, ուղղակի դատապարտելի է: Ինչպե՞ս կարելի է հազարավոր մարդկանց հրավիրել Ազատության հրապարակ ու հայտարարել՝ գիտեք ինչ, ըտեղ լավ երիտասարդներ կա՞ն, որ ուզում են պատասխանատվությունը ստանձնել: Սա ի՞նչ է: Մարդիկ հաշի՞վ են տալիս իրենց,  որմարդկանց կյանքերի հետ գործ ունեն, թե՞ չէ»,- ասաց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ նույն կերպ սխալ է համարում նաև երեկ ժողորդին Սարի թաղ ուղղորդելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս