«Ռուսաստանը պետք է արագ մտածի, քանի որ հայկական գնացքը կարող է ընթանալ անհայտ ուղղությամբ». Գրիգորի Տրոֆիմչուկ

«Նույնիսկ ՀԱՊԿ-ն չկարողացավ գնահատական տալ Երևանում տեղի ունեցող իրադարձություններին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով նախօրեի տեղի ունեցած երևանյան իրադարձություններին, որոնց հետևանքով՝ բազում լրագրողներ, քաղաքացիներ են տուժել:

Տրոֆիմչուկը նշեց, որ գրավված ՊՊԾ գնդի շուրջ ձեռնարկվող բոլոր գործողություններն անհամարժեք են, քանի որ, հայտնի է, որ յուրաքանչյուր հիվանդություն պետք է բուժել անմիջապես այն բանից հետո, երբ հստակ է դրա ախտորոշումը: Բայց, նրա որակմամբ, չկա ախտորոշումը գրավումից նույնիսկ երկու շաբաթ անց, ավելին, դիտորդների համար մինչ այս պահը պարզ չէ, թե ով է, իշխանության տեսանկյունից, գտնվում գրավված շինության ներսում, այսինքն՝ խոսքը հերոսների՞, ընդդիմադիրների՞, թե՞ ահաբեկիչների մասին է:

«Այստեղից էլ գալիս են արմատական իրադարձությունները, որոնք սկսում են ավելի ու ավելի ապակայունացնել ոչ միայն Երևանը, այլև ողջ երկիրը:

Բացի դրանից, թեմային բաց կերպով միանում են Արևմուտքի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները հենց այն բանից հետո, երբ պարզ է դառնում, որ իրավիճակը փակուղի է մտնում: Ուստի հիմարություն կլիներ արտաբերել շաբլոն ձևակերպումն այն մասին, որ ամեն ինչում Արևմուտքն է մեղավոր:

Կարդացեք նաև

Առաջանում է պարզ հարց՝ որտե՞ղ էիք Դուք այս ողջ ընթացքում: Ծանրացնող հանգամանքներից մեկն էլ այն է, որ մարդիկ են տուժել, և հատուկ կետով նշեմ, որ տուժել են լրագրողներ, որոնց ուշադրությամբ հետևում են նրանց արտասահմանյան գործընկերները: Ուստի խնդիրը ներքին ձևաչափից անցում է կատարում համաշխարհային հնչեղության խնդրի: Չեմ բացառում, որ թեմայի մեջ այլ նորարարություններ ներմուծվեն, որոնց իշխանությունը պատրաստ չէ: Հայաստանի իշխանություններին այս իրավիճակում այլ ելք չի մնում, քան մաքրել ՊՊԾ գունդը շատ ավելի ծանր հասարակական-քաղաքական պայմաններում:

Եթե ՀՀ նախագահը չդրսևորի կոշտություն, ապա, ցավոք սրտի, կարտահայտվի պատասխան հասարակական կոշտություն հենց իր նկատմամբ ի դեպ, առանց սահմանադրական շրջանակների: Բայց մինչ դա իշխանությունից ակնկալվում է տեղի ունեցողի հստակ որակում, ընդ որում, ոչ միայն «Սասնա ծռեր» խմբի հարցում, այլև այն չճանաչված խմբերի, որոնք հարձակվել են լրագրողների վրա: Սա ամենաանհանգստացնող հանգամանքներից մեկն է, քանի որ նրանք են Երևանում իրենց տեսածը տարածողը ողջ աշխարհում: Ուստի լրագրողներին չարացնում են նպատակաուղղված կերպով»,- մեկնաբանեց Տրոֆիմչուկը:

Անդրադառնալով ռուսական դիրքորոշմանն ու հարցին, որ երևանյան իրադարձությունները քննարկվել են ՌԴ Անվտանգության խորհրդում՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ Երևանում տեղի ունեցողը Ռուսաստանի համար ծայրաստիճան վտանգավոր նախադեպ է, և ոչ միայն՝ իր համար, այլև՝ գործող բոլոր ինտեգրացիոն միավորների՝ ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և այլնի համար: Նա մատնանշեց, որ նույնիսկ ՀԱՊԿ-ն չկարողացավ գնահատական տալ տեղի ունեցողին և չպատասխանեց պարզ հարցին՝ ահաբեկիչնե՞ր են գրավել փաստացի Երևանի մի կտորը, թե՞ նրանք պարզապես զինված որսորդներ են, որոնք հյուր են եկել իրենց բարեկամ ոստիկաններին: Թեև, նրա խոսքով, ՀԱՊԿ-ն, ինչպես հայտնի է, զբաղվում է ահաբեկչության հարցերով՝ որպես մեր տարածքին սպառնացող գլխավոր մարտահրավեր:

«Պետք չէ գուշակություններ անել այն մասին, թե արդյո՞ք Ռուսաստանն ունի խորհուրդներ Հայաստանի համար այս հարցում, քանի որ իրավիճակի ընթացքը ցույց է տալիս, որ նման խորհուրդներ, ցավոք սրտի, չկան: Եվ դա շատ վատ ազդանշան է բոլորի համար: Ռուսական փորձագիտական հանրության շրջանում նույնիսկ խոսակցություններ են առաջացել այն մասին, թե Հայաստանը գուցե որոշակի դասավորության դեպքում դառնա հերթական հակառուսական երկիրը: Այստեղ ՌԴ Անվտանգության խորհուրդը մտածելու շատ բան ունի, առավել ևս, երբ «Սասնա ծռերի» թեման ամուր կերպով կապված է Ղարաբաղյան թեմայի և այլ ռազմավարական հանգամանքների հետ: Բայց այսօր արագ է պետք մտածել, քանի որ հայկական գնացքը կարող է ընթանալ անհայտ ուղղությամբ: Նույնիսկ իրենց՝ հայերի համար»,- նման անհանգստություն հայտնեց Գրիգորի Տրոֆիմչուկը:

Տեսանյութեր

Լրահոս