«Իմ դիտարկմամբ՝ լրագրողները թիրախավորված էին». «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանը մանրամասներ է ներկայացնում երեկվա միջադեպից
Երեկ գիշերը Սարի թաղում տեղի ունեցած միջադեպից հետո ոտքերի ու ձեռքի վնասվածք ստացած «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանն այս պահին գտնվում է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Լրագրողը տեղաշարժվել չի կարողանում: Ցույց տալով ոտքերի վնասվածքները՝ մեր գործընկերը նշեց. «Նռնակի պայթյունի հետևանքով են նման վնասվածքներ առաջացել»:
Նա մանրամասներ ներկայացրեց երեկվա միջադեպից.
«Լրագրողներին զգուշացրին՝ տեղափոխվել մի տարածք, որտեղ էլ եղան առաջին պայթյունները: Իմ դիտարկմամբ՝ լրագրողները թիրախավորված էին: Առավելապես ագրեսիվ էին այն լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, որոնք տեսաձայնագրող սարքեր ունեին, և, երբ տեսախցիկների լույս էին տեսնում, կարծես կրակում էին այդ ուղղությամբ, պայթուցիկներ էին նետում: Չկարողացա հաշվել, թե մեր գլխին քանի պայթյուն եղավ: Երբ սարիթաղցիներից մեկը մեզ մոտեցավ, վերքերս մշակեց, մենք այդ ժամանակ ուղիղ եթերում աշխատում էինք: Քաղաքացին իր օգնությունն առաջարկեց՝ հիվանդանոց տեղափոխելու հարցում, ուրախացանք, մտածեցինք, որ կարճ ժամանակ անց հիվանդանոցում կլինենք: Բայց ճանապարհին ոստիկանները կանգնեցրին, չնայած՝ «Ա1+»-ի անձնակազմն էր, համապատասխան վկայականը ցույց տվեցինք, ուղղակի մեզ դուրս շպրտեցին՝ մահակների կիրառմամբ: Եվ այդպես փողոցում մնացինք միայնակ, մինչև 1in.am-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն էր եկել իր լրագրողների հետևից: Միասին Սարի թաղի փողոցներում քարշ գալուց հետո տեսանք շտապօգնության մեքենա, բժիշկներն այդ ժամանակ օգնություն ցույց տվեցին»:
Մեր գործընկերը նշեց, որ հիմա ոտքի վրա երկար չի կարողանում մնալ. «Բայց բժիշկն ասաց՝ վտանգավոր բան չկա, կարճ ժամանակում կկարողանամ նորմալ տեղաշարժվել, վերադառնալ աշխատանքի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: