Ինչում են կասկածվում Արմեն Մարտիրոսյանն ու Անդրիաս Ղուկասյանը. պարզաբանում է քննչական կոմիտեն
ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
«ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունից հուլիսի 30-ին ստացվել են նյութեր՝ հուլիսի 29-ի երեկոյան մի խումբ անձանց կողմից Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ։
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հուլիսի 29-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձինք կազմակերպել են զանգվածային անկարգություններ, որի ընթացքում բռնություն է գործադրվել տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ, որի հետեւանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Զանգվածային անկարգությունները կազմակերպելու եւ դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ, որոնց թվում՝ Արմեն Մարտիրոսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը։
Նախնական տվյալներով՝ հուլիսի 29-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնություն ստանալու համար բժշկական կենտրոններ են դիմել 67 մարդ։ Քննություն է տարվում պարզելու վերջիններիս մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար»,- ասվում է կոմիտեի պարզաբանման մեջ։