«Հուլիսի 29-ին տեղի ունեցածը պատժիչ գործողություն էր». ՀՀՇ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 29-ին Երևանի Սարի թաղ թաղամասում անցկացվող խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունն առանց իրավականորեն անհրաժեշտ հույժ կարևորության հիմնավորման և նախազգուշացման կիրառել է հատուկ միջոցներ, հայուրավոր քաղաքացիներ բռնության են ենարթկվել ոստիկանության և ոստիկանության ակնհայտ աջակցությամբ գործող քաղաքացիական հագուստով անձանց կողմից։

Ոստիկանության ու նշված տարրերի կողմից ակնհայտորեն նպատակաուղղված կերպով բռնության են ենթարկվել նաև իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողները։ Ոստիկանության բաժանմունքներ են բերման ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ։ Բռնություն է կիրառվել նաև Սարի թաղում բնակվող և բողոքի ցույցին չմասնակցող քաղաքացիների նկատմամբ։

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցույց անկացացնող քաղաքացիների և իրադարձությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը։

Կարդացեք նաև

Հուլիսի 29-ին տեղի ունեցած իրադարձությունները ոչ թե իրավապահ մարմինների կողմից հասարակական կարգի ապահովմանն ուղղված միջոցառուներ էին, այլ ակնհայտորեն պատժիչ գործողություններ, որոնք ուղղված են ոչ միայն բռնության ենթարկված քաղաքացիների ու լրագրողների, այլ նաև Հայաստանի Հանրապետության կայունության, երկրի հեղինակության դեմ։

Հայոց Համազագային շարժում կուսակցությունը՝ դատապարտելով իրավապահ մարմինների ապօրինի գործողությունները, իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված քաղաքացիներին, անաչառ հետաքննություն անցկացնել անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման դեպքերի առթիվ, բացահայտել և պատասխանատվության ենթարկել քաղաքացիական հագուստով բռնություն իրականացնող անձանց, նրանց այդ գործողությունների դրդողներին և խրախուսողներին։

Պահանջում ենք անհապաղ բացահայտել և խստագույնս պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ բռնություն իրականացնողներին և մամուլի ներկայացուցիչների նկատմամբ թիրախավորված հարձակում գործելու հրաման արձակողներին։

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը պահանջում է ՀՀ Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնությունից հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան՝ տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալու և դրանից բխող համապատասխան քայլեր կատարելու համար։

30.07.2016

Տեսանյութեր

Լրահոս