ՕԵԿ-ը դատապարտում է
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, ինչ տեղի ունեցավ րոպեներ առաջ, արդեն մարդկային չէ, բանական չէ:
Խիստ դատապարտելի ու անթույլատրելի է ցուցարարներին զանգվածային կերպով բերման ենթարկելու և նրանց նկատմամբ անմարդկային բռնություններ կիրառելու փաստը, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառումը, ինչն ուղեկցվել է նրանց առողջությունը վնասելով և գույքը ոչնչացնելով: Պետք չէ այսչափ լկտիանալ ու ձեռք բարձրացնել երիտասարդ աղջիկների, կանանց վրա, տարեցների ու ակնհայտ հաշմություն ունեցողների վրա:
Դա մարդկային տականքության ցցուն դրսևորում է, ավելի ճիշտ ազգային տականքության յուրատեսակ դրսևորում: Մարդկանց ծեծելով, վառելով, աչք հանելով, կամ ոտք ու ձեռք ջարդելով խնդիրները չեն լուծվելու: Ընտրված մեթոդը ամենավատ տարբերակն է: Դա միայն ավելացնում է ատելությունն ու անհանդուրժողականությունը»:
Անհապաղ անհրաժեշտ է գտնել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման քաղաքական եղանակներ, իսկ իշխանությունը փոխզիջումների գնալու փոխարեն վերցրել է ինքնաոչնչացման ուղին: Ավելի վաղ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր գրել. «Խստորեն դատապարտում եմ ոստիկանության ապօրինի գործողությունները խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ: Ոստիկանությունից պարզաբանում եմ պահանջում, թե ովքե՞ր էին քաղաքացիական հագուստով այն անձինք, որ ոստիկանների միջով անցան ցուցարարների շարքերը եւ սադրեցին բախումներ»: