«Քաղբանտարկյալներ չպետք է լինեն, հող չպետք է զիջվի, վերջացավ. ուրիշ պահանջ չկա». Լևոն Բարսեղյան
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ նշեց, որ ոչ ոք չի պատրաստվում ճակատամարտել ոստիկանության հետ. «Հարցն այն չէ, որ իրենք բազմաթիվ են, մենք՝ փոքրաթիվ, մենք մարդկաքանակով ամսի 26-ին հավասար էինք, մի բան էլ ավել էինք, հարցն այն է, որ մեզ որևէ արյունահեղություն պետք չէ: Ժողովրդի ոտքի կանգնելը միայն նրա համար է, որ իշխանությունն արյունահեղություն չանի ապստամբների նկատմամբ: Ոտքի կանգնելու, չնահանջելու ամբողջ ուղերձը սա է եղել, որ իշխանությունը տեսնի՝ հանրությունը կիսում է մարդկանց բարձրացրած պահանջները: Եթե կան մարդիկ, որ կարծում են՝ հարձակվել է պետք և այլն, թող այդ մարդը գնա՝ ինչ ուզում է՝ անի: Մենք այդ գաղափարի կողմնակիցները չենք: Չնահանջելը ձևական խոսք չէ, շատ կարևոր է, որ բազմամարդ լինենք, կանգնենք՝ պահանջատեր լինենք և իրենք էլ տեսնեն, որ բազմամարդ ենք, ոչ թե երկու ժամ ազատ ժամանակ ունեինք, եկանք, երկու ժամը կանգնեցինք, արդեն գնանք՝ թեյ խմելու: Ով հավես չունի՝ թող միանգամից թողնի գնա»:
Նա ընդգծեց՝ ՊՊԾ գնդի տարածքում դրությունը լարված է. «Գիտեք՝ ցերեկվանից կրակոցներն են եղել, վիրավորներ կան: Դժբախտաբար, Սերժիկ Սարգսյանը էլի ադեկվատ չի ընկալում իրականությունը: Իրեն թվում է, թե վիրավորելով, հերթով դուրս հանելով, տարբեր ճանապարհներով իբր թե վնասազերծելով՝ խնդիրը լուծում է»:
Նա նշեց, որ Հայաաստանը պետք է ունենա օրինական իշխանություն. «Մեզ զավթիչ իշխանություններ պետք չեն, ընտրությունները կեղծած իշխանություններ պետք չէն. Բոլոր մեր չարիքները դրանից են, երբ իշխանությունը ժողովրդից չէ, մեզնից չէ: Քաղբանտարկյալներ չպետք է լինեն ու հող չպետք է զիջվի, վերջացավ: Հասարակ, շատ մարդկային պահանջներ են, ուրիշ պահանջ չկա»: