«Եթե հույսը դրել են զենքի վրա, դա ողբերգություն է». Մտավորականները հանդիպում են պահանջում նախագահից
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մտավորականների խորհրդի» անդամ, ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը նշեց, որ իշխանություններն այսօր պատսպարվել են իրենց դղյակներում, բայց իշխանությունն այսօր պետք է խոսեր ժողովրդի հետ. «Եթե ասում են՝ դասեր պետք է քաղենք, ես շատ կուզեի իմանալ, թե այդ ո՞ր դասերի մասին է խոսում Հերմինե Նաղդալյանը, կամ նախագահը: Եթե դա վերաբերում է միայն ուժային կառույցներին, որոնք թույլ են տվել, որ նման իրավիճակ ստեղծվի ՊՊԾ գնդում, ուրեմն` դա դասեր քաղել չէ: Ամենակարևորն ընդհանուր երկրի վիճակն է: Այսօրվա իշխանությունները պատանդ են այն համակարգին, որն իրենք ստեղծել են»:
Ըստ Ա. Սարգսյանի՝ բոլորը պետք է թողնեին իրենց «արձակուրդ կոչվածները» և գային հասկանալու, թե ինչ վիճակում է երկիրը. «Խորհրդարանը պետք է այստեղ լիներ ու կատարեր իր պարտականությունները»:
«Մտավորականների խորհրդի» մեկ այլ անդամ՝ քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն էլ կարծիք հայտնեց, որ այն ժողովուրդը, որ հիմա հավաքվում են, նույնիսկ չգիտեն՝ այդ տղաներն ինչ են ուզում. «Պարզապես, իրենց վիճակն այնպես է, որ բողոքում են: Հայտնվել են նորից 1988 թվականի տղաները և տարածում են ամեն տեսակի ախմախ բաներ: Ուղղակի խնդրում եմ, ուշադրություն չդարձնել, հանգիստ տարեք, և խնդրում եմ իշխանություններին՝ գալ երկխոսության մեզ հետ: Բավական է՝ ինչքան դուք ձեր պառլամենտով և կառավարությունով հարցեր լուծեք: Ստալինը որ Ստալինն էր՝ մտավորկանության հետ էր նստում, ի՞նչ է սա, մի՞թե մենք ոչինչ չունենք ասելու, հանգստացնելու, եթե հույսը դրել են զենքի վրա, դա ողբերգություն է»: