Ռուսաստանի հայերի միությունը ՌԴ-ում հայերի ձերբակալությունների մասին ահազանգեր չի ստացել

Ռուսաստանի հայերի միությունը չի հաստատում Ռուսաստանում հայերի ձերբակալությունների տեղեկությունները: 168.am-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության մամլո խոսնակ Լուսիկ Ղազարյանն անդրադառնալով հայկական մամուլում տարածված տեղեկություններին, թե պայմանավորված երևանյան դեպքերով՝ Ռուսաստանի մի շարք շրջաններում հայեր են ձերբակալվում ինքնությունը պարզելու նպատակներով, ասաց, որ հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց չեն դիմել նման հարցով:

Հիշեցնենք, որ «Առավոտ» թերթը գրել էր, որ արդեն մի քանի օր է, ինչ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներն ահազանգում են, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում ազգությամբ հայերին Ոստիկանության բաժանմունքներ են տանում հենց փողոցից` անձը հաստատելու նպատակով, ինչպես նախորդող օրերին՝ Խորենացի փողոցում: Թերթը խոսել էր մի շարք ռուսաստանահայերի հետ, որոնք պնդել էին, որ մարդկանց տանում են հենց փողոցից: Ըստ թերթի՝ բերման ենթարկվածների մեջ կան տարբեր տարիքի մեր հայրենակիցներ, նաև մանկահասակ երեխաներ, որոնք սպասում են, թե երբ ազատ կարձակվեն:

Լուսիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման դիմումներ չեն ստացել: «Սովորաբար նման դեպքերում մեզ են դիմում Ռուսաստանում, քանի որ ով ինչ խնդիր է ունենում, գալիս է կամ ահազանգում Հայերի միությանը, որպեսզի աջակցենք, փորձենք առաջացած խնդիրը լուծել, բայց առաջին անգամ եմ լսում նման ձերբակալությունների մասին, ոչ մի ահազանգ և դիմում նման հարցով չի եղել: Նման դեպքերում ձերբակալված անձանց մտերիմ մարդիկ, հարազատները, բարեկամները, ռուս բարեկամները մեզ են դիմում, ովքեր լսել են, որ Հայերի միություն կա, ովքեր անդամ են կամ անդամ չեն: Մենք, որպես կանոն, աջակցում ենք, քանի որ այստեղի Ոստիկանության հետ կապ ունենք, կարող ենք զանգահարել՝ ճշտել, աշխատակիցներ ունենք, որոնք, եթե պետք է, այլ քաղաք են մեկնում՝ այդ հարցերը լուծում են: Բայց նման հարցով մեզ, բացի ձեզնից, որևէ մեկը չի դիմել»,- ասաց Լուսիկ Ղազարյանը: ՌՀՄ Ռեգիոնների պատասխանատուն ևս նշեց, որ նման տեղեկություններ չեն ստացել Ռուսաստանի տարբեր շրջաններից:

168.am-ը կփորձի հայ համայնքների այլ ներկայացուցիչներից ևս պարզել այս լուրերի իսկությունը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս