«Ես հաջողություն եմ մաղթում, գոնե ձեր հետևից չեմ խոսել». Հրանուշ Խառատյանը՝ մամուլի ասուլիսը լքող Ահարոն Ադիբեկյանին

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այն կարծիքին է, որ «Սասնա ծռերի» տղաները մանկամիտ են, ու կարծում է, որ, եթե իրատես լինեին, իրենց հետ սնունդ կվերցնեին, բժիշկ կունենային, որ կարողանային երկար դիմակայել. «Բանտից ազատելը բարդ իրավաբանական գործընթաց է, մի օրում հնարավոր չէ: Բժիշկներին պատանդ վերցնելը խոսում է նրա մասին, որ նրանք ոչ միայն տհաս են, այլև բարոյազուրկ են: Ոստիկանության գործողություններն ավետարանական սկզբունքով են գործում՝ ակն ընդ ական: Այսինքն՝ դրանք սիմետրիկ քայլեր են, այլ ոչ թե՝ բարոյազուրկ մարդկանց նկատմամբ վերաբերվել բարոյապես, կերակուր տանել, և այլն: Ես չէի ցանկանա նման մարդկանց միջոցով նոր իրավակարգ ստեղծել, ես չէի ուզենա, որ նման մարդիկ գան իշխանության»:

Սոցիոլոգը նաև նշեց՝ եթե նրանք իրոք հայրենասեր են, իրոք մտածում են Հայաստանի մասին, պետք է գնան բանակցության և գոնե գտնեն փոխզիջումային մի որոշում, որը երկու կողմերին էլ կարող է բավարարել. «Մենք արյունախում չենք, բայց այդ ավետարանական սկզբունքը գնալով դառնում է ավելի պահանջված»:

Լրագրողի հարցին՝ գո՞հ եք ներկայիս իշխանություններից, նա պատասխանեց. «Այնքանով, որ նրանց հնարավորությունները տասնապատիկ ավելի են, բայց նրանք դրան չեն գնում: Մենակ մի հատ «Ալֆայի» նման բրիգադ ուղղաթիռով իջնի, իրենք այնտեղ պրոբլեմ չունեն: Ուղղակի իշխանությունները չեն ուզում ցույց տալ, որ կիջնեն նրանց տրամաբանությանը: Եթե իշխանությունները փողոց հանեն իրենց կողմնակիցներին, փողոցներում տեղ չի լինի»:

168.am-ի հարցին՝ դուք ասում եք, որ Ոստիկանության գործողություններն ավետարանական սկզբունքով են գործում, խաղաղ բնակչությանը բերման ենթարկե՞լն էլ է այդ սկզբունքով. «Խաղաղ բնակչությունն ի՞նչ գործ ունի՝ փողոցը փակի»:

Կարդացեք նաև

Մեր դիտարկմանը՝ այգում նստած մարդկանց են բերման ենթարկում ու որևէ բացատրություն չեն տալիս, նա այսպես արձագանքեց. «Այգում՝ դժվար, փողոցներում: Քայլերը սիմետրիկ են»:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ ճի՞շտ է տարեց կնոջ թևերն ոլորել-տանելը, նա այսպես պատասխանեց. «Կարող է պատահել: Ոստիկանությունն էլ իդեալական մարդկանցից չէ, այնտեղ էլ կարող են լինել բթամիտներ»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը չդիմացավ. «5 րոպեում պարոն Ադիբեկյանի ներկայացման մեջ տասնյակ հակասություններ տեսա, մասնավորապես՝ ակն ընդ ական փիլիսոփայությունը, որն աստվածաշնչային և բարոյախրատական է՝ կշեռքի նժարին դնել, իր իսկ ասած՝ իրավականի հետ: Եթե ապստամբների գործողությունների նկատմամբ տալիս են իրավական պատասխան, դա չպետք է բարոյախրատական լինի: Հիմա պարոն Ադիբեկյանը կարծում է, որ կարող է բարոյախրատական լինել, ընդ որում՝ բարոյախրատական՝ ոչ թե՝ բարոյական արժեքի, այլ՝ շատ ագրեսիվ գործողությունների տեսքով: Հակասություն կա նաև նրանում, որ պարոն Ադիբեկյանն ասում է՝ կարող է մի բռի ոստիկան լինել. ոստիկանը բռի կլինի թե ինչ կլինի, նա հրաման է կատարում»:

Ազգագրագետն ընդգծեց՝ պարոն Ադիբեկյանն ասում է, որ, եթե ինքն այդպես չի մտածում, այդպես չի մտածում նաև մեր բնակչությունը. «Եվ սա ասում է հանրային մտքի հետազոտողը, որը մեզ հեղեղում է հանրային մտքի շատ միակողմանի ամփոփումներով: Այն, ինչ սոցիոլոգն է ասում և անում, ես ուղղակի ապշած եմ, թե ինչ կապ ունի սա սոցիոլոգիայի հետ»:

Ահարոն Ադիբեկյանը դուրս եկավ մամուլի ասուլիսից, ինչին Հրանուշ Խառատյանն այսպես արձագանքեց. «Ես հաջողություն եմ մաղթում, գոնե ձեր հետևից չեմ խոսել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս