Անձրևը խափանեց ցուցարարների երթը
Քիչ առաջ «Սասնա ծռեր» զինյալ խմբավորման համակիրների նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները Բաղրամյան փողոցի շրջակայքից վերադարձան Ազատության հրապարակ։
Հանրահավաքը վարող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ նախատեսել էին որոշ ժամանակ պիկետ անելուց հետո երթով շարժվել դեպի Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք տանող Խորենացի փողոց։
«Դա չստացվեց՝ առաջին հերթին՝ եղանակի պատճառով։ Մարդիկ թրջվել են, եթե շարունակենք այսօր՝ հիվանդանալու են և չեն կարողանա շարունակել: Իսկ մենք այսօր ամենօրյա ռեժիմով գործ անելու կարիք, անհրաժեշտություն ունենք»,- ասաց
Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ դժվար են կայացրել որոշումը, որ այսօր Խորենացի չեն գնում, բայց պատճառն այն է, որ ակցիաները չընդհատեն։
«Մեզ ներող կլինեն տղերքը, կարծում եմ՝ կհասկանան, բայց պայքարը չպետք է դադարի»,- ասաց նա՝ նշելով, որ վաղը ևս հավաքվելու են Ազատության հրապարակում։