ԱԱԾ-ն պարզել է նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգեր կատարած անձի ինքնությունը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների համակցված գործունեության շնորհիվ հայտնաբերվել է ս.թ. հուլիսի 27-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգեր կատարած անձը:
Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1987 թվականին ծնված Սարգիս Ռուբենի Սաֆարյանը, Ռուսաստանի Դաշնությունից դեպի ՀՀ երկու առանձին զանգ կատարելով հայտնել է, թե իբր ՙԶվարթնոց՚ օդանավակայանում և ՙԱրմենիա՚ հեռուստաընկերությունում տեղադրված են ռումբեր, որոնք կարճ ժամանակում պայթելու են:
Հիշեցնում ենք, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը քրեորեն պատժելի արարք է /ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդված/, իսկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր տրամադրության տակ ունի բավարար միջոցներ ու հնարավորություններ նման ցանկացած արարք բացահայտելու և այն կատարած անձին հայտնաբերելու համար:
Փաստի կապակցությամբ ձեռք բերված նյութերը փոխանցվել են իրավասու պետական մարմիններին` համապատասխան իրավական ընթացակարգեր սկսելու համար: