Բաժիններ՝

ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը պատրաստ է փոխարինել «Սասնա ծռեր» խմբի մոտ գտնվող պատանդներին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք , Երևանի Պետական բժշկական համալսարանում հանրապետության գլխավոր որոշ բժիշկներ հանդես են եկել ասուլիսով ՝ դատապարտելով «Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից իրենց օգնության հասած թվով 4 բուժաշխատողներին պատանդ վերցնելու փաստը։

Նրանք բոլորը նշում էին, որ սա աննախադեպ երևույթ է. իրենց օգնություն ցուցաբերող բուժաշխատողներին պատանդ են վերցնում։ Ասուլիսին ներկա բժիշկները շեշտում էին, որ պատմության մեջ դեռևս նման նախադեպ չի եղել, որ բժիշկներին, թեկուզ պատերազմների ժամանակ, պատանդ վերցնեն։ Ըստ նրանց՝ չի կարելի բուժաշխատողներին ներգրավել քաղաքականության մեջ։

Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը ելույթ ունեցավ՝ դատապարտելով կատարվածը.

bjishk

«Այն փաստը, որին մենք իրազեկ եղանք, ցնցել է ոչ միայն այս դահլիճը, այլև ողջ հանրապետությունը, որովհետև աշխարհում, կարծում եմ, չկա նման երևույթ որևէ պատերազմների, հեղափոխությունների ժամանակ, որ բուժաշխատողներին պատանդ վերցնեն, նույնիսկ, եթե եղել են նման դեպքեր, ապա անմիջապես նրանց ազատ են արձակել: Դիմում եմ այդ ՊՊԾ գունդը գրաված տղաներին՝ ձեր մի մասն ինձ շատ լավ ճանաչում է՝ ձեզ հայտնի պատճառներով, ձեր մի մասին էլ ես եմ շատ լավ ճանաչում, խնդրում եմ՝ անհապաղ այդ բժիշկներին բաց թողեք, եթե պետք է, ես պատրաստ եմ ինքս գալ նրանց տեղը նստել, բայց մեր բուժաշխատողներին բաց թողեք: Սա ուղղակի հայ մարդուն հարիր չէ»:

Վնասվածքաբան-օրթոպեդ Արմեն Չարչյանը հայտարարեց, որ ցնցած է կատարվածով.

bjishk12

«Ես կարող եմ վստահ ասել, որ այստեղ ներկա ավագ սերունդը Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներն են, և այդ ազատամարտի ժամանակ մենք ունեինք մեր բժշկական առաքելությունը: Երբևէ բժիշկը քաղաքականության մեջ չի եղել և ավելի վեր է եղել, քան քաղաքականությունը, և այսօր մենք տեսնում ենք բժշկի նկատմամբ բիրտ գործողություն: Արարքը խիստ դատապարտելի է, և հնարավորինս շուտ պետք է վերջ տրվի բժիշկներին անազատության մեջ պահելուն»:

ՀՀ գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանն էլ նշեց, որ արտասովոր երևույթ է տեղի ունեցածը.

bjishk10202

«Սպիտակ խալաթով բուժաշխատողները մեկնել են դեպքի վայր՝ մասնագիտական օգնություն ցույց տալու վիրավորներին, և անկախ նրանից, թե բարիկադների ո՞ր կողմում է վիրավորը, և այդ ընթացքում նրանց պահել են: Սա մի արտասովոր երևույթ է, կարծում եմ՝ բուժաշխատողները, ինչպես Ղարաբաղյան ազատագրական պայքարի ժամանակահատվածում, այնպես էլ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, միշտ եղել են մեր առողջության պահպանողները, և այսօր այդ երևույթը, որ տեղի է ունեցել, մեզ մոտ և մտահոգություն է առաջ բերում, և զարմանք»:

ՀՀ գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը նույնպես չի հիշում դեպք, որ օգնություն ցուցաբերող բուժաշխատողը հայտնվի պատանդի կարգավիճակում.
«Նման կերպ վարվել չի կարելի, որևէ արդարացում այդ արարքին չկա»:

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի կարծիքով էլ՝ «պատանդ» բառը վերաբերում է թշնամուն, իսկ բժիշկը թշնամի չէ.

«Չի կարելի որոշ հրապարակախոսական ասացվածքներով արդարացնել այդ արարքը, ոչ մի դեպքում չի կարելի բժշկին թույլ չտալ կատարել իր պարտականությունները»:

Մանկաբարձ-գինեկոլոգ Գագիկ Բեգլարյանն էլ հայտարարեց, որ մեր ազգին պատիվ չի բերումbjishk1

«Հայերը միշտ օգնել են, ու հիմա ստացվում է՝ հայը հային այս վիճակին է բերել»:

Պրոկտոլոգ Սամվել Պողոսյանն ասաց, որ ինքը տարակուսանք է ապրել լուրն իմանալով.

«Նույնիսկ չէի հավատում, երբ այս լուրը լսեցի, միանալով իմ գործընկերների կոչին՝ հորդորում եմ՝ անազատության մեջ գտնվող մեր բուժաշխատողներին շուտափույթ թույլատրեն, որ նրանք անցնեն իրենց պարտականությունների կատարմանը»:

Բժիշկ-դեղաբան Դավիթ Պետրոսյանի խոսքով էլ՝ այս սուր պայմաններում՝ մարդկանց դիմակը շատ արագ կարող է պատռվել.

«Մի խումբ նախկին հերոսներ եկան, սպանեցին իրենց կոլեգային՝ սպային, և կային մարդիկ մեր հասարակության մեջ, որ արդարացնում էին… այս արարքին ոչ մի ներում չկա: Մի ձևով կարող են իրենք իրենց արդարացնել՝ թող ասեն, որ ոչ թե պատանդ էինք վերցրել, այլ խնդրեցին, որ մնան, մի բան թող հնարեն՝ բուժաշխատողներին ազատ արձակեն»:

ՀՀ Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նույնպես դատապարտեց կատարվածը՝ նշելով, սակայն, որ բուժօգնության տրամադրումը չի դադարվեցվել ու չի դադարեցվելու։

bjishk101010Նա ասաց, որ խոսել են իրենց աշխատակիցների հետ, որոնք հիմա որպես պատանդ գտնվում են ՊՊԾ գնդում՝ զինված խմբի մոտ, և նրանց վիճակը նորմալ է։ Փոխնախարարը զինված խմբին հորդորեց ազատ արձակել բուժաշխատողներին։ Անդրադառնալով այն տեղեկություններին, որ զինված խումբը պահանջում է, որպեսզի ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գնա և, պատանդ 4 բուժաշխատողների փոխարեն՝ մնա գնդի տարածքում, փոխնախարարն ասաց, որ չի կարելի նախապայմաններով բուժօգնություն ստանալ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Հիշեցնենք, որ այսօր հրավիրված ասուլիսում ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ և համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը մի կողմից՝ հերքել էր, թե բժիշկները պատանդ են «Սասնա ծռեր» խմբի ձեռքին, մյուս կողմից՝ հայտարարել էր, թե որ դեպքում բաց կթողնեն բժիշկներին: «Բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ Առողջապահության նախարարն անձամբ կներկայանա և այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ»,- հայտարարել էին նրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս