«Պատմության մեջ նման նախադեպ չի եղել, որ բժիշկներին, թեկուզ պատերազմների ժամանակ, պատանդ վերցնեն». բժիշների հայտարարությունը
Քիչ առաջ Բժշկական համալսարանում հանրապետության գլխավոր որոշ բժիշկներ հանդես եկան ասուլիսով ՝ դատապարտելով «Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից իրենց օգնության հասած թվով 4 բուժաշխատողներին պատանդ վերցնելը։ Նրանք բոլորը նշում էին, որ սա աննախադեպ երևույթ է. բուժաշխատողներին պատանդ են վերցնում այն պարագայում, երբ նրանք փորձում էին օգնություն ցուցաբերել։
Ասուլիսին ներկա բժիշկները շեշտում էին, որ պատմության մեջ դեռևս նման նախադեպ չի եղել, որ բժիշկներին, թեկուզ պատերազմների ժամանակ, պատանդ վերցնեն։
Ըստ նրանց՝ չի կարելի բուժաշխատողներին ներգրավել քաղաքականության մեջ։ Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը ելույթ ունեցավ՝ դատապարտելով կատարվածը և ասելով, որ ինքը պատրաստ է գնալ, բոլոր պատանդների փոխարեն մնալ զինված խմբի մոտ, միայն թե նրանց ազատ արձակեն։
ՀՀ Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նույնպես դատապարտեց կատարվածը՝ նշելով, սակայն, որ բուժօգնության տրամադրումը չի դադարվեցվել ու չի դադարեցվելու։ Նա ասաց, որ խոսել են իրենց աշխատակիցների հետ, որոնք հիմա որպես պատանդ գտնվում են ՊՊԾ գնդում՝ զինված խմբի մոտ, և նրանց վիճակը նորմալ է։ Փոխնախարարը զինված խմբին հորդորեց ազատ արձակել բուժաշխատողներին։ Անդրադառնալով այն տեղեկություններին, որ զինված խումբը պահանջում է, որպեսզի ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գնա և պատանդ 4 բուժաշխատողների փոխարեն՝ մնա գնդի տարածքում, փոխնախարարն ասաց, որ չի կարելի նախապայմաններով բուժօգնություն ստանալ։
Մանրամասները և տեսանյութը՝ առաջիկայում։