Բաժիններ՝

«Պետք է հարկադրել իշխանությանը՝ գնալ իրական, կառուցվածքային և վարչակարգային փոփոխությունների` հասարակական ճնշման աստիճանը բարձրացնելով». Ղազինյանը՝ ՊՊԾ գնդի գրավման, իշխանության գործողությունների մասին

168.am-ի զրուցակիցն է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի ղեկավար, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:

– Պարոն Ղազինյան, հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման զինյալների կողմից ՊՊԾ գնդի գրավումն էապես լարել է Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, որի հանգուցալուծումը դեռ չի ուրվագծվում: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում ստեղծված իրավիճակը:

– Հայաստանի իշխանությունը և հայ հասարակությունը ներկայումս բախվել են նորանկախ Հայաստանի համար աննախադեպ մարտահրավերների` ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության ոլորտներում: «Սասնա ծռեր» խմբի զինյալների կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որից դուրս գալու ելքերը խիստ սահմանափակ են, հատկապես, եթե հաշվի ենք առնում խմբավորման անդամների ցուցաբերած վճռականությունը և մինչև վերջ գնալու պատրաստակամությունը, իսկ իշխանությունների կողմից՝ մինչ այժմ ճգնաժամը հանգուցալուծող որևէ բանական առաջարկության բացակայությունը:

Իրավիճակն իշխանությունների համար էապես բարդացնում է այն հասարակական աջակցությունն ու համակրանքը, որն ունեն խմբավորման անդամները: Խմբավորումը ներկայացնում է ակնհայտ քաղաքական պահանջներ, այն է՝ քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, ՀՀ Նախագահի հրաժարական և վստահության կառավարության ձևավորում: Փաստորեն, ստացվում է, որ մի խումբ նախկին ազատամարտիկներ, որոնցից մի քանիսը մեծ և անուրանալի վաստակ ունեն Արցախյան հերոսամարտում, նորանկախ պետականության կերտման գործում, օժտված են զգալի հեղինակությամբ, զենքի ուժով իշխանությանը պարտադրում են գնալ ներքին քաղաքական արմատական բարեփոխումների:

Կարդացեք նաև

Մինչև պատանդների ազատ արձակումն իշխանությունների կողմից զիջումների գնալու համար առկա էր իրական մոտիվացիա, այն է՝ պատանդների կյանքն ու առողջությունը, սակայն իրավիճակն արմատապես փոխվեց խմբի կողմից պատանդների ազատ արձակումից հետո: Ինչո՞վ են սպառնում խմբի անդամներն իշխանություններին՝ իրենց պահանջները չկատարելու դեպքում, ի՞նչ կարող են նրանք անել, որից վախենալով՝ իշխանությունները կգնան պահանջների կատարմանը: Դատելով այդ խմբի առաջնորդների կենսագրությունից՝ չեմ կարող հավատալ, որ նրանք կարող են վտանգ ներկայացնել հանրության համար, իսկ իշխանությունը շատ հեռու է գտնվում նրանցից` ինչ-որ կերպ խմբի անդամների կողմից վտանգ զգալու համար: Ստացվում է, որ միակ բանը, որը կարող է ստիպել իշխանությանը գնալ խմբի անդամների պահանջներին ընդառաջ, դա լայն հասարակական աջակցությունն է, հասարակության ներսում իշխանությունների հանդեպ առկա դժգոհության մոբիլիզացիան, իսկ դրան հասնելու հնարավորությունները ներկայումս խիստ սահմանափակ են՝ շարժումն առաջնորդող և դրան քաղաքական օրակարգ տվող քաղաքական ուժի և խարիզմատիկ առաջնորդի բացակայության պատճառով:

– Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի իշխանության արձագանքը, ինչպե՞ս պետք է իշխանությունը վարվի ստեղծված իրավիճակում:

– Պետք է խոստովանեմ, որ իշխանությունը գտնվում է բավականին բարդ իրավիճակում: Ուժ կիրառելու իշխանության քաղաքական ռեսուրսը և հնարավորությունը խիստ սահմանափակ է, իսկ զինված խմբի պահանջները կատարելու իրավունք պարզապես չունի: Բացատրեմ, թե ինչո՞ւ: ՀՀ Սահմանադրությունը հստակորեն կարգավորվում է իշխանության մարմինների ձևավորման և փոփոխման կարգը, պայմանները, ժամկետները և միջոցները, որոնց թվում՝ 30 զինյալները, որպես նման պահանջ ներկայացնող սուբյեկտ, նշված չեն:

Իշխանությունն առավելագույն ցանկության դեպքում նույնիսկ միայն երեք տասնյակի հասնող զինյալների պահանջով չի կարող գնալ արտահերթ ընտրական գործընթացների, որովհետև դա առաջին հերթին՝ կքանդի պետականության և իրավական պետության հիմքերը, և երկրորդ` նախադեպ կդառնա հետագայում նման մեթոդներով երկրում իշխանություն փոխելու համար, ինչի արդյունքում Հայաստանում կիշխի Լատինաամերիկյան սինդրոմը: Սա լրջագույն վտանգ է սահմանադրական կարգի համար: Իշխանությունը պարտավոր է հաշվի առնել այս հանգամանքը խմբի հետ տարվող բանակցությունների ընթացքում:

Մյուս կողմից՝ հարկ է փաստել, որ, եթե այս իրադարձության ֆոնին Հայաստանում սկսեն ծավալվել ներքաղաքական և ներհասարակական այնպիսի գործընթացներ, որոնց արդյունքում կձևավորվի արտահերթ ընտրությունների պահանջ, ապա իշխանությունն արդեն կարող է գնալ իրական զիջումների` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց արդեն ոչ թե՝ «Սասնա ծռեր» խմբավորման պահանջով, այլ՝ ստեղծված ներքաղաքական և ներհասարակական ճգնաժամը հանգուցալուծելու և պետության ներսում կայունությունը վերահաստատելու պատճառաբանությամբ: Սրանք պետք է տարբերակել և հստակ տարանջատել՝ հետագայում նման պրակտիկան բացառելու համար: Մեկ բան ակնհայտ է, ճգնաժամը պետք է հաղթահարի իշխանությունը` ժողովրդի օգնությամբ և ուղղակի մասնակցությամբ:

– ՀՀ Նախագահը, արձագանքելով ստեղծված իրավիճակին, ասաց, որ դասեր պետք է քաղվեն, և կարծես թե խոստացավ պատճառների մասին խոսել հետո: Ձեր կարծիքով՝ ի՞նչ դասեր պետք է քաղի իշխանությունը, և որո՞նք էին այն պատճառները, որ հանգեցրեցին այս իրավիճակին:

– Ձևավորված վարչակարգի պայմաններում իմ պատկերացրած դասերն ու իրավիճակի պատճառները կարող են տարբերվել իշխանության ունեցած պատկերացումներից, և դա, իմ կարծիքով, բնական է, քանի որ ես կողմնակից եմ արևմտյան պետության մոդելին և վարչակարգին, մինչդեռ այսօրվա իշխանությունը, ինչպես և 1991թ.-ից հետո գործող բոլոր իշխանությունները, գործել են նեոսովետական վարչակարգի տրամաբանությամբ և կանոններով:

Նախ՝ կցանկանամ խոսել պատճառների մասին: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական և սոցիալական վիճակը, ինչպես նաև՝ կենսակերպ դարձած անարդարությունն ու եռակի կամ նույնիսկ քառակի ստանդարտների առկայությունը, կոռուպցիայի և վատ կառավարման բարձր մակարդակը, այսպիսի ցնցում պետք էր սպասել: Սակայն նորմալ իրավիճակում սա պետք է լիներ Ազատության հրապարակում` քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված, առանց զենքի ու պատանդների, հստակ քաղաքական օրակարգով և գործողությունների հաջորդականությամբ, կանխատեսելի ընթացքով:

Սակայն ինստիտուցիոնալ ընդդիմության բացակայության կամ առհասարակ քաղաքական համակարգի չգոյության պայմաններում այն տեղի ունեցավ հուսահատության հասած հայրենասեր, որոշ առումով՝ նաև ռոմանտիկ, մարդկանց կողմից գործող Քրեական օրենսդրության մի շարք նորմերի կոպիտ խախտումներով, որի արդյունքում զոհվեց Ոստիկանության մեկ սպա, վիրավորվեցին մի քանի տասնյակի հասնող քաղաքացիներ` քաղաղացիական անձինք և ոստիկաններ: Քաղաքական ընդդիմացման հնարավորության բացառման պայմաններում գործի դրվեց բռնությամբ ինչ-որ բանի հասնելու միջոցը: Կույր պետք է լինել՝ չնկատելու համար, որ հասարակության ներսում դժգոհությունը համընդհանուր է. դժգոհ են և գործազուրկները, և աշխատողները, և ընդդիմությունը, և նույնիսկ իշխանության մեջ գտնվող անձինք, և աղքատները, և հարուստները: Ծայրահեղ դժգոհություն է առաջացել միջին խավի շարքերում` գործարարների, գիտնականների, քաղաքացիական հասարակության և երիտասարդության շրջանում: Սա ինչ-որ պահի և ինչ-որ ձևով պետք է պայթեր, ինչը և տեղի ունեցավ:

Ինչ վերաբերում է դասերին, ապա պետք է նշել, որ իշխանությունն առաջին անգամ չէ, որ խոսում է դասեր քաղելու մասին, սակայն իրական և գործուն քայլեր, ըստ էության, չի ձեռնարկում: Դա, միգուցե, պայմանավորված էր հասարակության լայն շերտերի չեզոք և կրավորական կեցվածքով, ինչպես նաև ամուր հասարակական օրակարգի բացակայությամբ, սակայն ներկայումս իրավիճակն այլ է, և կարծես թե ձևավորվում է հասարակական օրակարգ, որը կարող է ստիպել իշխանություններին՝ գնալ ներքին արմատական փոփոխությունների:

Նորմալ քաղաքական համակարգի պարագայում այդ փոփոխությունների առաջատարի դերն իր վրա պետք է վերցներ ընդդիմությունը, բայց մեր քաղաքական համակարգը տարբերվում է նրանով, որ իշխանությունից բացի՝ որևէ այլ քաղաքական ուժ ունակ չէ իրականացնել այդ փոփոխությունները: Սա ես ցավով եմ նշում և շատ կցանկանայի, որ սխալված լինեի, բայց իրականությունը սա է: Պատճառը հասարակության լայն շերտերի մոտ առկա և օրեցօր խորացող տոտալ անվստահությունն է ամբողջ քաղաքական համակարգի նկատմամբ, ինչի հետևանքով առաջանում է ապատիա: Սա լրջագույն վտանգ է ներկայացնում պետության համար, քանի որ թմրած հասարակությունն ի զորու չէ դիմակայել ոչ ներքին, ոչ էլ արտաքին մարտահրավերներին:
Ստեղծված իրավիճակում պետք է հարկադրել իշխանությանը գնալ իրական, կառուցվածքային և վարչակարգային փոփոխությունների` հասարակական ճնշման աստիճանը բարձրացնելով:

– Դուք հավատո՞ւմ եք, որ իշխանությունը ցանկանում է կամ առհասարակ կարող է գնալ Ձեր կողմից նշված փոփոխություններին:

– Իշխանությունը՝ իր ներկայիս մարդկային ռեսուրսով, գործիքակազմով և գործելաոճի տրամաբանությամբ, իհարկե, չի կարող դա անել: Ցանկության խնդիրն այլ է, իրավիճակը պարտադրում է, և այլևս որևէ մեկը չի հարցնում իշխանության ցանկությունը: Վստահ եմ, դա գիտակցում է նաև Հայաստանի բարձրագույն իշխանությունը, հատկապես՝ արտաքին գործոնների ազդեցության պարագայում, երբ ներքին դիմադրողականության ռեսուրսի բացակայության պայմաններում արտաքին խաղացողների համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվում իրենց աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շահերը Հայաստանի հաշվին իրացնելու համար: Սրան նպաստում է նաև ներքին քաղաքական դաշտում հակակշիռների բացակայությունը, պետությունը ձեռքով կառավարելու փաստը, պետական ինստիտուտների անկատարությունը, քաղաքական համակարգի ուղղահայաց բնույթը, որտեղ խորհրդարանական գրեթե բոլոր ուժերը, նույնիսկ՝ իրենց ընդդիմադիր հռչակած, առնվազն ինքնուրույն չեն իրենց օրակարգի ձևավորման և գործունեության մեթոդների ընտրության հարցում:

Ստեղծված իրավիճակում իշխանության վրա դրված բեռն ավելի է ծանրանում: Նախ՝ պետք է համոզել սեփական թիմին, որ նախկինի պես այլևս չի լինելու, գերակշռող մեծամասնությունը պետք է լքի Կառավարությունն ու Խորհրդարանը, օլիգարխները չեն օգտվելու պետական հովանավորությունից, և իշխանության կողմից տնտեսության քվոտավորում ու յուրայինների միջև մենաշնորհների բաշխում այլևս չի լինելու: Իսկ մյուս կողմից, կարծում եմ, անհրաժեշտ է սկզբունքորեն բարեփոխել իշխող քաղաքական ուժի ողջ գաղափարախոսությունն ու որոշումների կայացման մեթոդաբանությունը` ապահովելով մրցակցություն կուսակցության ներսում, ներգրավելով նոր, երիտասարդ և առաջադեմ մտածողություն ունեցող կադրերի:

Սրանք այն քայլերն են, որոնք պետք է կատարվեն հասարակություն-իշխանություն խախտված հավասարակշռությունը վերականգնելու համար: Իսկ այդ բալանսը վաղուց է խախտված, իշխանությունը դեռ գտնվում է 20-րդ դարի վերջի մեթոդաբանության և տրամաբանության մեջ` զերծ գաղափարներից և տեսլականից, մինչդեռ հասարակությունն արդեն թևակոխում է 21-րդ դարի երկրորդ տասնամյակ` ժամանակին բնորոշ նոր գաղափարներով, արժեքներով, պատկերացումներով ու տեսլականներով: Այս իրավիճակում իշխանության մոդեռնիզացիան անխուսափելի է, և, իհարկե, ցանկալի կլիներ, որ իշխանությունը դա գիտակցեր մինչև այս ճգնաժամը: Այդ դեպքում մենք միգուցե խուսափեինք այսպիսի ծայրահեղականությունից, և անցումը կատարվեր խաղաղ, անցնցում և քաղաքական գործընթացների շրջանակներում:

– Ի՞նչ դերակատարություն ունեն այստեղ արտաքին խաղացողները, և ի՞նչ ազդեցություն կունենա այս իրավիճակը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վրա, ինչը վերջին օրերին լայնորեն քննարկվում է:

– Արտաքին խաղացողների ուղղակի դերակատարությունն այս իրադարձություններում ես չեմ տեսնում, սակայն դա չի նշանակում, որ նրանք չեն օգտվի ստեղծված իրավիճակից և չեն նախաձեռնի ինչ-ինչ գործընթացներ՝ իրենց շահերն իրացնելու համար: Ավանդաբար ցանկացած ներքաղաքական ցնցում

Հայաստանում ավտոմատ կերպով նույնացվում է Ռուսաստանի հետ` հաշվի առնելով այդ պետության՝ Հայաստանում ունեցած իշխանությունն ու ազդեցությունը: Սակայն սա, երևի թե, առաջին դեպքն է, որ Ռուսաստանին պետք չէր այսպիսի զարգացում` հաշվի առնելով Արցախի հարցում նրա ունեցած գերակա քաղաքական շահն ու կարգավորման գործընթացն արագացնելու անթաքույց ցանկությունը:

«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումով Հայաստանում ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ, որը Հայաստանի իշխանություններին ժամանակային առումով ֆորա է տալիս, արևմտյան տերմինաբանությամբ ասած, upgrade (թարմացնել,- Ա. Մ.) անել քաղաքական և հասարակական համակարգը` ինքնիշխանությունը վերականգնելու և արտաքին ճնշումներին դիմակայելու համար, ինչպես նաև մշակել ԼՂ հակամարտության կարգավորման նոր ռազմավարություն և հանդես գալ նոր` ժամանակին և իրավիճակին հարիր առաջարկություններով: Կարճ ասած, այդ գործընթացում արտաքին դերակատարների կարևորությունը պետք է հասցնել նվազագույնի` կենտրոնանալով ներքին խնդիրների վրա և լուծելով դրանք ինքնուրույն` առանց արտաքին որևէ ուժի ապավինելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս