«Քաղաքական դաշտն ամայացած է». Ենիգոմշյանը հրապարակեց իրենց քաղաքական քարտեզը

Այսօր երեկոյան «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհների հանրահավաքը կրկին կանցկացվի Խորենացի փողոցում: Ինչպես շտապ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ և համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը, հանրահավաքի վայրի փոփոխության խնդիր այս պահին դրված չէ, հավաքվելու կոչն ուժի մեջ է:

«Անցնում ենք երկրորդ փուլ: Առաջինը՝ «Սասնա ծռերի» քաղաքական լեգիտիմացման փուլը, ամբողջությամբ իրականացվել է: Այսօր Հայաստանում, ինչո՞ւ ոչ, նաև Սփյուռքում, կա 2 մոտեցում՝ «Սասնա ծռերը» և համարյա ամբողջ ժողովուրդը, որ սատար է կանգնում «Սասնա ծռերին», այսօր չկա Հայաստանում մեկը, բացի ռեժիմի ներկայացուցիչներից և նրանց մունետիկներից, որ իրենց աջակցությունը չհայտնեն տղաներին: Անցնում ենք երկրորդ փուլին՝ հիմնվելով բացարձակ ժողովրդական աջակցության վրա, որի ռազմավարությունն այսօր երեկոյան հանրահավաքի ժամանակ կհստակեցվի, թե որ ուղղությամբ կգնա պայքարը»,- ասաց Ա. Ենիգոմշյանը:

Ըստ նրա՝ իրավապահների մոտ գտնվող տղաների ճակատագիրը կախված է ժողովրդից, նրանց ազատագրումը համընդհանուր պայքարի օղակներից մեկն է: Ա. Ենիգոմշյանը տեղեկացրեց, որ խմբի անդամներ Դավիթ Մանուկյանի և Արամ Մանուկյանի իրավունքները պաշտպանելու համաձայնություն է տվել Ինեսա Պետրոսյանը, Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի պաշտպանը կլինի Լուսինե Հակոբյանը: Նա ահազանգ հնչեցրեց, որ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով երեկ գիշերը բերման էր ենթարկվել, այս առավոտ ազատ է թողնվել ոստիկանական բաժնից, սակայն մինչ այս պահը նրան չեն կարողանում գտնել: Ա. Ենիգոմշյանը նաև հայտնեց, որ Խորենացի փողոցի տարածքից տուն վերադառնալու պահին Ոստիկանությունը բերման է ենթարկել հակաճգնաժամային նախաձեռնող խմբի անդամ Արմեն Միքայելյանին և նրա ընտանիքին, Արմենի գրպանն ատրճանակ են գցել և ձերբակալել:

Բանակցությունների վերաբերյալ Ա.Ենիգոմշյանը հայտարարեց, որ Վիտալի Բալասանյանից հետո՝ որպես բանակցող, իրենց կողմից ընտրված Աշոտ Մինասյանը պարզապես չի ներկայացել բանակցության, և այժմ բանակցային գործընթացը վիրտուալ բնույթ է կրում: Ա. Ենիգոմշյանը չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք իրենք բանագնաց լինելու առաջարկ արել են Մինասյանին, միայն նշեց, որ «Սասնա ծռերն» են նման համաձայնություն տվել, իսկ վարչակարգի կողմից նման համաձայնության մասին ինքը տեղյակ չէ:

Ի դեպ, արդեն քանի օր է՝ Ալեք Ենիգոմշյանը կրկնում է նույն խոսքերը, թե իրենք պահանջում են, որպեսզի Վիտալի Բալասանյանին՝ որպես միջնորդ-բանակցող, փոխարինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը: Ավելին, հաստատապես պնդում էր  , թե Ա. Մինասյանն է շարունակելու բանակցությոնները: Եվ սա՝ այն դեպքում, երբ իր այդ հայտարարություններից հետո «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը մի քանի անգամ անընդմեջ, հրապարակային փոխանցել է Ա. Մինասյանի խոսքերը .

«Ես կապվել եմ Աշոտ Մինասյանի հետ: Նա նախ՝ ասաց, որ որևէ մեկն իրեն բանակցությունները վարելու առաջարկություն չի արել, երկրորդ՝ ինքը որևէ մեկին համաձայնություն չի տվել, որ հանդես կգա՝ որպես միջնորդ: Աշոտ Մինասյանը, Վիտալի Բալասանյանի առաջարկությամբ և միջնորդությամբ, եղել է ՊՊԾ գնդում՝ «Սասնա ծռեր» խմբի մոտ, և ինքը չի համարում, որ Վիտալի Բալասանյանը որևէ բանում կեղծիք կամ սուտ է ասել, և չի պատրաստվում բանակցություններում փոխարինել Վիտալի Բալասանյանին, ով իր զինակից ընկերն է, և որին Աշոտ Մինասյանը հավատում է 100 տոկոսով: Աշոտ Մինասյանը չի կարծում, թե ճիշտ է այն պահանջը, որ Վիտալի Բալասանյանին կարող է փոխարինել ինքը: Այնպես որ, անհասկանալի է, թե Ալեք Ենիգոմշյանը որտեղից է ստացել այդ տեղեկատվությունը, որն իրականության հետ որևէ կապ չունի»,- Աշոտ Մինասյանի խոսքերը փոխանցել էր Գառնիկ Իսագուլյանը:

Ինչևէ, քիչ առաջ կազմակերպված ասուլիսում, մեղադրելով քաղաքական դաշտի՝ ամայացած լինելու մեջ, Ա. Ենիգոմշյանը հրապարակեց իրենց քաղաքական քարտեզը.
«Սերժ Սարգսյանի հեռացում՝ նշանակում է՝ ներկա ռեժիմի հեռացում, դրան պետք է հաջորդի ժամանակավոր վստահության կառավարության ձևավորում, այդ անցումային փուլի ժամանակ պետք է կազմակերպվեն ազատ և արդար ընտրություններ»:

Տեսանյութեր

Լրահոս