![](/banners/BeFunky-design.jpg)
«Զինյալ տղերքն ունեն հզոր դաշնակից՝ դա ալանն է, թալանն է, կոռուպցիան, անարդարությունները… որոնք երկիրը անկման վիճակի են հասցրել». Լևոն Ջավախյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/javaxyan.png)
Արձակագիր Լևոն Ջավախյանի կարծիքով՝ ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու քայլին դիմած զինյալները պետք է հավատան ինչ-որ բանի, բայց չեն հավատում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ, թեև առայժմ մեծ պայթյուն տեղի չի ունեցել, բայց Հոկտեմբերի 27-ից հետո սա էլ պակաս պայթյուն չէր.
«Նրանք գնդի տարածքը գրավեցին, որովհետև ուզում էին՝ հետո այլոք գային, զինվեին, որ սկսվի «Սոդոմ-Գոմորը», մի բան, որի հետ այդքան էլ համամիտ չեմ: Զինյալ տղերքն ունեն մի հզոր դաշնակից: Այդ դաշնակիցը, ցավոք սրտի, ոչ մտավորականներն են, ոչ էլ ցուցարարներն են, դա ալանն է, թալանն է, կոռուպցիան, անարդարությունները… որոնք երկիրն անկման վիճակի են հասցրել»:
Արձակագիրը նշեց, որ նախագահական ընտրություններում «մոլորյալ» է եղել ու իր ձայնը տվել է Սերժ Սարգսյանին. «Բայց այդ մարդը երկիրը հասցրեց այս վիճակին: Ես զգում եմ՝ իշխանությունն ինչ քաղաքականություն է որդեգրել՝ արյունաքամ է անում այդ զինյալներին: Մարդ առ մարդ, գնդակ առ գնդակ հարցերը լուծում են ու տանում իրենց ուզած վախճանին: Էս մեկն էլ կուլ կտան, էս մեկն էլ կգնա, քանի որ ժողովուրդն այնպես չի կանգնում, ինչպես որ պետք է: Այդ մարդիկ ճարահատյալ այդ քայլին են գնացել՝ ստեղծելով կատարյալ դեմոկրատիա: Ո՞րն է կատարյալ դեմոկրատիան. երբ իշխանության ձեռքին զենք կա, դիմացն էլ զենք կա: Մարդիկ ճիգ են թափում՝ գոնե ավտոմատով իրենց իրավունքները իրացնելու»:
Նա նշեց, որ «Սասնա ծռեր» զինված խմբի տղաները պետք է հանձնվեն. «Եթե զենքերը վայր չդնեն, իշխանությունները ձևը գտել են՝ վայր դնել են տալիս: Արյունաքամ են լինում այդ տղաները: Ափսոս են իրենք»:
168.am-ի դիտարկմանը՝ խմբի տղաներն ասել են, որ ոչ մի դեպքում չեն հանձնվելու, նա այսպես արձագանքեց. «Շատ բան են ասում, բայց ամեն ասած չի, որ արվում է: Պավլիկն էլ էր իր տղայի հետ ասում, տեսա՞ք՝ ինչ ստացվեց»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: