Սեֆիլյան․ «Մենք ունենք հստակ քաղաքական ծրագիր». Azatutyun.am
«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդը հայտարարում է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավման առաջին իսկ օրվանից պատրաստակամություն է հայտնել «բոլոր հնարավորությունները ներդնել հարցի հանգուցալուծումը անարյուն գտնելու համար»:
Բանտում գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով «Ազատությանը» փոխանցած հայտարարությունում ասել է․ -«Հույս ունենալով, որ իշխանությունները օր առաջ կսթափվեն և կնստեն բանակցությունների, ներկայումս չեմ ցանկանում բանակցությունների մանրամասներին այժմ անդրադառնալ՝ այդ պրոցեսը որևէ կերպ չվտանգելու համար։
Մենք ունենք հստակ քաղաքական ծրագիր` խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Ակնհայտ է, որ բանակցային պրոցեսի ուշացումը տանում է դեպի իրավիճակի լարման, որի պայմաններում կարող են նոր բախումներ, վիրավորներ և մարդկային կորուստներ լինել, ինչը անշուշտ, իշխանությունների մեղքն է լինելու»։
Ազգային անվտանգության ծառայությունից «Ազատությանը» փոխանցել են, որ զինված խմբի հետ բանակցությունների վերաբերյալ առայժմ որևէ տեղեկություն չեն կարող հաղորդել։