«Ժիրայր Սէֆիլյանն ասել է՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գլխավոր թեման չի լինելու հրաժարականի պահանջը, այլ լինելու է այս իրավիճակի հանգուցալուծման փորձերը». Ալեք Ենիգոմշյան

Ոստիկանության ՊՊԾ շենք տանող Խորենացի փողոցում այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ և համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանն ասել է, որ ցանկացած մարդուց անհամեմատ ավելի Ժիրայր Սէֆիլյանը կարող է ներդրում ունենալ այս իրավիճակի լիցքաթափման գործում, բայց ըստ նրա՝ իշխանությունները նրան պահում են լրիվ մեկուսացման մեջ, փորձում համոզել, որ հորդորի տղաներին՝ վայր դնել զենքերը.

«Ո՛չ տղաները, ո՛չ Ժիրայր Սէֆիլյանը նման բան չեն անի: Անգամ, եթե Սէֆիլյանը տղաներին հեռվից նման հորդոր անի, տղաները չեն գնա այդ քայլին: Ժիրայր Սէֆիլյանը պահանջում է տղաների հետ հանդիպում, նաև՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում՝ քննարկելու այս իրավիճակից դուրս գալու միջոցները, որոնք կարող են լինել միայն քաղաքական ճանապարհով: Քաղաքական ասելով՝ նկատի չունեմ՝ ոչ ռազմական, այլ քաղաքական, ուզում եմ ասել՝ առանց ՀՀ-ին վերաբերող քաղաքական քննարկումների, բանակցությունների՝ այս խնդիրը հանգուցալուծում չի ունենա:

Ժիրայր Սէֆիլյանն ընդամենն ասել է՝ եթե ինքը կարողանա հանդիպել տղաներին, մոտիկից հասկանա նրանց մտադրությունները, տրամադրությունները, դրանից հետո կարող է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, հանդիպման գլխավոր թեման չի լինելու Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այլ այս իրավիճակի հանգուցալուծման փորձերը: Ժիրայր Սէֆիլյանն ընդամենը դա է ասել, նա չի ասել, որ ինքը սկզբունքորեն հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից»:

Նրա խոսքով՝ եթե իշխանությունները վախենում են նրանից, որ Սէֆիլյանը հանդիպի լրագրողների ու հանրության հետ, նշանակում է՝ վախենում են, որ նա կչեզոքացնի իրենց քարոզչական նպատակներ հետապնդող քայլերը:

Հարցին՝ «Սասնա ծռերի» պահանջներից մեկը Սերժ Սարգսյանի հրաժարականն է, դուք ասում եք՝ Սէֆիլյանն ու Սարգսյանը եթե հանդիպեն, այդ հարցը չի լինելու գլխավոր թեման, այդ դեպքում ի՞նչ են քննարկելու, նա պատասխանեց.

«Դա Սէֆիլյանի մոտեցումն է, և եթե իշխանությունները միտված են բանակցությունների, իրենք պետք է իմանան նաև ճանապարհը, որը, առաջին հերթին, պետք է անցնի Ժիրայր Սէֆիլյանով: Ի՞նչ կլինի Սէֆիլյանի խոսակցությունը տղաների, Սերժ Սարգսյանի հետ, նախօրոք ենթադրություններ ու գուշակություններ չանենք: Սէֆիլյանն ընդամենն իր պատրաստակամությունն է հայտնել՝ փորձել նպաստել այս իրավիճակից երկրի համար դրական ելքով: Մի ավարտ, որ ոչ միայն արյունահեղություն չի լինի, այլև երկիրը այս ճգնաժամից դուրս կգա՝ հզորացած, իրական փոփոխություններով»:
Ենիգոմշյանն ընդգծեց՝ եթե այս երեկո չլուծվեն տղաների սննդի, կապի ու բուժօգնության խնդիրները, Խորենացի փողոցում ներկա քաղաքացիների հետ կորոշվի՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն.

«Հնարավոր է՝ այդ րոպեին որոշումը կայանա ու ի գործ դրվի»:
Ի դեպ, Ա. Ենիգոմշյանի և «Սասնա ծռեր» խմբի անդամների խոսքերում հակասություններ կան: Հուլիսի 23-ին ՊՊԾ գնդի շենքի տարածքում լրագրողների հետ զրույցում խմբի տղաներն ասել էին:

«Մենք ունենք հրամանատար, որին շատ հարգում, սիրում ենք` Ժիրայր Սէֆիլյանն է, որին, հուսով ենք, շատ շուտով կտեսնենք այստեղ: Եթե Ժիրայր Սէֆիլյանը կգա, կասի՝ այդպես պիտի անեք` մենք մի մարդու նման կանենք»,- ասել էր Սեդրակ Նազարյանը: Նա նաև ավելացրել էր, որ, ինչպես Ժիրայր Սէֆիլյանն ասի՝ այնպես էլ կլինի. «Եթե Ժիրայր Սէֆիլյանն ասի` զենքդ դի՛ր, ու քեզ տանում են` 15 տարի ԱԱԾ, պատրաստ եմ հենց հիմա զենքս դնել: Միայն ու միայն Ժիրայր Սէֆիլյանը, ուրիշ ոչ ոք»:

 

Տեսանյութեր

Լրահոս