«Ես ուզում եմ ասել ոստիկաններին` իրենց գժուկ ոստիկանապետով, որ իրենք պիտի լինեն ոչ թե Սերժ Սարգսյանի կողքին, այլ ժողովրդի». Թամար Հովհաննիսյան

«Պիտի լինի միայն այս բռունցքը և ոչ թե՝ բաց ձեռքեր, որովհետև ընդամենը մի քանի ամիս առաջ բոլորովին բաց ձեռքերով երիտասարդները գնացին թշնամու կրակի դիմաց, և իրենց կյանքով ու իրենց արյամբ պահեցին այն հողը, որ 25 տարի առաջ ազատագրել էին այն տղաները, որոնք այսօր այս բարիկադներից այն կողմ են գտնվում»,- այս մասին քիչ առաջ Խորենացի փողոցում հայտարարեց դերասանուհի, Մհեր Մկրտչյանի այրի Թամար Հովհաննիսյանը: Նա, սակայն, նշեց, որ հանրահավաքում չի խոսելու՝ որպես դերասանուհի, որպես մտավորական, նույնիսկ՝ որպես Մհեր Մկրտչյանի այրի, այլ կխոսի՝ որպես սովորական հայուհի, հայ մայր, հայ կին: Նա նշեց, որ, եթե Խորենացի փողոցում պիտի ինչ-որ բան վանկարկվի, ապա դա պիտի լինի` ազատ, անկախ Հայաստան:

«Ես ուզում եմ ասել ոստիկաններին` իրենց գժուկ ոստիկանապետով, որ իրենք պիտի ոչ թե լինեն Սերժ Սարգսյանի կողքին, այլ պետության, ժողովրդի կողքին: Ես ուզում եմ ասել բանակին, որ իրենք` իրենց հրամանատարներով հանդերձ, պիտի լինեն ոչ թե՝ Սերժ Սարգսյանի կողքին, այլ՝ պետության և հայ ժողովրդի կողքին: Սա է իրենց առաքելությունը:

Ես ուզում եմ ասել բոլոր արցախցիներին` առաջինից մինչև վերջին, և վերջինից մինչև առաջին, որ Արցախը Հայաստան է, և դրա համար արյուն է թափել այս ժողովուրդը, դրա համար նահատակվել են սքանչելի հերոսները, որոնք կապրեն, և դրա համար կռվել են այս տղաները, որ մինչև օրս կռվում են այնտեղ` ներսում` հայր ու տղա, երկու եղբայր, այնտեղ ներսում՝ նկարիչ ու գրող, երիտասարդ ու տարեց: Այդ տղաներն են, որ այսօր և տղամարդ են դարձել ու դեռ շարունակում են իրենց հայրենիքի պաշտպանությունը: Եվ ոչ մեկին, Աստվածդ սիրես, թող չթվա, թե հնարավոր կլինի ծնկի բերել այս տղաներին»,- ասաց Թամար Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ հավատում է, որ ազգը կհարատևի, կունենանք հայրենիք, պետականություն: Դիմելով մարդկանց` նա կոչ արեց դուրս գալ տներից, եթե ուզում են, որ Սերժ Սարգսյանը հեռանա: Նա խնդրեց հավատալ, հակառակ դեպքում` հաղթանակ չի լինելու: «Բայց այն կլինի, քանի որ բոլորս հավատում ենք»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս