«Սա վերջն է: Կամ մենք երկիր ենք կորցնում, և կամ ժողովուրդը հաղթանակելու է». Ալեք Ենիգոմշյան

Այս պահին Խորենացի փողոցում՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքի մոտ շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինված խմբի համակիրների հանրահավաքը:

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը հայտարարեց, որ երեկ հրապարակվել է հռչակագիրը, որին կարող են միանալ բոլոր մարդիկ` բացառությամբ նրանց, ովքեր այս օրերին հասցրեցին իրենց շուրթերը պղծել տարատեսակ արտահայտություններով` ահաբեկիչ և այլ որակումներով: Նա նշեց, որ մեղքերը հրապարակային ընդունելուց հետո նրանք ևս կարող են միանալ գործընթացին:

«Մեր մի խումբ հայրենակիցներ, իրենց կյանքը վտանգելով, վտանգելով ամեն ինչ, իրականացրեցին այն կամային ակտը, այն կամային գործողությունը, որն ապացուցեց, որ մենք` որպես ազգ, կորած չենք, ունենք ներկա և ունենալու ենք ապագա անպայման»,- հայտարարեց նա:

«Իրադրությունը մեր ընկերների համար, այդ հերոս տղաների համար, «Սասնա ծռերի» համար նույնն է: Նույնը` և իրենց վճռականության առումով` մեկ միլիմետր հետընթաց չկա իրենց վճռականության առումով, և անորոշությունը շարունակվում է այս վարչախմբի համար»,- ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նա նշեց, որ բանակցությունների փորձերը շարունակվում են, որոշակի կարևոր տեխնիկական զարգացումներ եղել են, բայց խնդրի բուն էության առումով դեռևս էական փոփոխություն չկա, ինչի բացակայությունը ոչնչով չի ազդում և չի ազդի «Սասնա ծռեր» խմբավորման տղաների վրա:

Նրա խոսքով` նորանոր կողմեր են մտնում բանակցության դաշտ, մի քանի ժամ առաջ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ ներկայումս այդ առաքելությամբ գործում է Արցախյան ազատամարտի հրամանատարներից մեկը` Աշոտ Մինասյանը:

«Վարչախումբը պիտի իմանա, որ տղաներին հոգեբանական ազդեցությամբ ոչ մի արդյունք չի ստացվի: Տղաները գիտեն, թե ինչի համար են պայքարել, և իրենք պատրաստ չեն զիջման, և ինչքան մեր ժողովուրդն իր աջակցությունը և զորակցությունը հայտնի այդ տղաներին, այնքան մեր բոլորի նպատակները կմոտենան իրականությանը: Նաև հայտնեմ, որ այս ամբողջ օրերի ընթացքում բռնատիրական միջոցները շարունակվել են: Այս օրերին տասնյակ նոր ակտիվիստներ, քաղաքացիներ, պայքարող մարդիկ շարունակում են բերման ենթարկվել և ձերբակալվել:

Եթե իշխանություններին թվում է, որ այդ միջոցներով պայքարող ժողովրդի կամքը և վճռականությունը կոտրելու են, իրենք տեսնում են դրա ճիշտ հակառակը: Ամեն օր տղաներին աջակցողների մասսաներն ավելանում են»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը` ոստիկաններին կոչ անելով չենթարկվել ապօրինի հրամաններին, ձեռք չբարձրացրել սեփական ժողովրդի դեմ, քանի որ նույն այդ ժողովուրդը և «Սասնա ծռեր» խմբավորման տղաները պայքարում են նաև այդ ոստիկանների համար:

Նա նշեց, որ սպասում են ողջամտության, որպեսզի իշխանությունները հասկանան, որ ժողովուրդն այլևս պատրաստ չէ ներելու: «Սա վերջն է: Կամ մենք երկիր ենք կորցնում, և կամ ժողովուրդը հաղթանակելու է»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս