G20-ը կօգտագործի բոլոր գործիքները տնտեսության կայուն աճի համար
«Ֆինանսական քսանյակը» պայմանավորվել է օգտագործել բոլոր առկա գործիքները, որպեսզի հասնի հավասարակշռված և կայուն տնտեսական աճի, ասվում է G20-ի ԿԲ ղեկավարների և ֆինանսների նախարարների արդյունքով հրապարակված կոմյունիկեի տեքստում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք միջոցներ ենք ձեռնարկում այն բանի համար, որ ամրապնդենք վստահությունն ու աջակցենք աճին: Վերջին իրադարձությունների լույսի ներքո մենք հաստատում ենք մեր վճռականությունը՝ օգտագործել բոլոր գործիքները՝ դրամավարկային, ֆիսկալ, կառուցվածքային, ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական, որպեսզի հասնենք կայուն, հավասարակշռված աճի»,- ասվում է փաստաթղթի տեքստում, որը հրապարակվել է այսօր չինական Չենդուում կայացած հանդիպման արդյունքներով:
«Ֆինանսական քսանյակը» նշել է, որ տնտեսական վերականգնումը շարունակվում է, սակայն դրա տեմպերը ցանկալիից ավելի թույլ են:
Հանդիպման մասնակիցները խոստովանել են, որ գլոբալ տնտեսական միջավայրը փոփոխական է, կան տնտեսական աճի դանդաղման ռիսկեր:
«Աշխարհաքաղաքական հակամարտությունները, ահաբեկչությունն ու միգրացիոն հոսքերը շարունակում են վատացնել գլոբալ տնտեսության պայմանները»,- ասվում է կոմյունիկեում:
«Ֆինանսական քսանյակը», խոստովանելով տնտեսական աճի ապահովման կառուցվածքային բարեփոխումների կարևոր դերը, ընդգծել է, որ ֆիսկալ ռազմավարությունը ոչ պակաս նշանակալից է: