Brexit-ն ավելացրել է համաշխարհային տնտեսության անվստահությունը. G20
Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումն ավելացրել է համաշխարհային տնտեսության անվստահությունը, հայտարարել են «Մեծ քսանյակի» երկրների ֆինանսների նախարարները Չինաստանում գագաթաժողովի ավարտին:
«Ապագայում մենք հուսով ենք, որ Միացյալ Թագավորությունը կլինի ԵՄ-ի սերտ գործընկերը»,- ասվում է խմբի հայտարարության մեջ:
Ինչպես հայտնել է Բրիտանիայի գանձատան ղեկավար Ֆիլիպ Համոնդը, Brexit-ի թեման բազմիցս ծագել է երկօրյա բանակցությունների ընթացքում:
«Իրականությունն այնպիսին է, որ անորոշությունը կպահպանվի մինչ ԵՄ-ից դուրս գալու բանակցությունների ավարտը»,- ասել է Համոնդը լրագրողներին:
Չինական Հանչժոու քաղաքում գագաթաժողովի ավարտին անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները նաև հայտարարել են, որ խոշորագույն տնտեսությունները պատրաստ են հաղթահարել Brexit-ի տնտեսական և ֆինանսական հետևանքները:
Մինչ այդ, ինչպես ասել է Գերմանիայի Դաշնային բանկի ղեկավար Յենս Վայդմանը, ոչ մի նշան չկա, որ եվրոպական տնտեսությունը ինչ-որ կերպ տուժել է Բրիտանիայի հանրաքվեի հետևանքով:
Մյուս գործոններ, որոնք ազդել են համաշխարհային տնտեսության վրա, աշխարհաքաղաքական հակամարտությունները, ահաբեկչությունն ու փախստականների հոսքն են: