««Սասնա ծռերի» գործողության հետևանքով ստեղծված այս հարթակը չի կարելի նման նպատակների համար օգտագործել». Ենիգոմշյանը՝ Փաշինյանին

«Եթե կար ժամանակ, որ այս հրապարակում խառնակ վիճակ էր, ու հարգարժան Նիկոլ Փաշինյանը վերցրեց նախաձեռնությունը, մենք բոլորս շնորհակալություն պետք է հայտնենք իրեն: Բայց գալիս է պահը, որ համակարգված աշխատանք է պետք:

Երեկ և այսօր համակարգող խմբի նախաձեռնողները դիմել են բոլոր պոտենցիալ անդամներին, ներառյալ՝ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հավասարի կարգով մաս լինի այդ մարմնի: Ցավոք, Փաշինյանը կես ժամ առաջ մերժեց այդ մարմնի մաս կազմել, ու չնայած՝ ինքը խոստացել է ինձ ու իր ընկերներին անձամբ հայտնել վերջնական որոշումը, ինքը դա չհայտնեց, բարձրացավ հարթակ ու ելույթ ունեցավ: Ոչինչ, դրանում մեծ խնդիր չկա»,- Խորենացի փողոցում իր ելույթում ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նա հավելեց, որ չնայած՝ իր գործընկերների հետ չի խորհրդակցել, բայց համակարգող մարմնին մասնակցելու հրավերը բաց է մնում Փաշինյանի համար.

«Սակայն, եթե մենք գալիս ենք Խորենացի փողոց, պետք է առաջնորդվենք օրվա օրակարգով: Սա բանավեճ թող չհամարվի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չի կարող արգելել՝ ասել, որ իրենք են միակ ընդդիմությունը, դա կարող է՝ իրենց կարծիքն է, բայց «Սասնա ծռերի» գործողության հետևանքով ստեղծված այս հարթակը չի կարելի նման նպատակների համար օգտագործել»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքվածների առջև ելույթ  ունեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և ելույթից անմիջապես հետո իր հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հեռացավ հանրահավաքից: «Պարզվեց՝ «Սասնա ծռերի» ներկայացուցիչները սխալ են համարում իմ գործելակերպը: Բանը հասել է նրան, որ իմ կողմից շատ սիրված Վարուժան Ավետիսյանն այսօր ուղիղ եթերում՝ տասնյակ-հազարավոր դիտողների առաջ, ասում է՝ Նիկոլ Փաշինյանն արյան վրա իր ձեռքերն է տաքացնում»,- հայտարարեց նա:

Տեսանյութեր

Լրահոս