«Եթե որևէ խնդիր լինի ցուցարարների կամ ինձ հետ կապված, զանգահարեք այս համարով». Նիկոլ Փաշինյանն իր հեռախոսահամարը փոխանցեց ոստիկաններին

Խորենացի փողոցում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ հավաքված ցուցարարների թիվը բավականին մեծ էր: Երբ Ն. Փաշինյանը որոշեց հեռանալ,  ցուցարարների թիվը սկսեց նվազել: Պատգամավորը մոտեցավ ոստիկաններին ու փոխանցեց իր հեռախոսահամարը: «Եթե որևէ խնդիր լինի ցուցարարների կամ ինձ հետ կապված, զանգահարեք այս համարով: Մյուսներին էլ փոխանցեք»,-գնալուց առաջ ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօր պատգամավորը տեսագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես ասում էր. «Երեկ ես ասուլիս հրավիրեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  գրասենյակում ու խոսեցի այն պրոբլեմների մասին, որոնք ինձ ստիպում են վերջին երկու օրերին ձեռնպահ մնալ Խորենացի փողոցում ակտիվ դերակատարում ունենալուց:

Երեկվանից, սակայն, ես ստացել եմ Հայաստանի քաղաքացիների հարյուրավոր զանգեր, նամակներ, որոնց հեղինակներն ինձ հորդորում են, պահանջում, խնդրում են, որ ես վերադառնամ Խորենացի փողոց և այնտեղ որոշակի դերակատարում ստանձնեմ…  Այսօր երեկոյան՝ ժամը 20:00-ին, ելույթ կունենամ Խորենացի փողոցում և ինձ հղված բազմաթիվ նամակների պատասխանները կփորձեմ տալ այդ ելույթի ընթացքում»:

Իսկ ելույթի ժամանակ, ի թիվս բազում հարցերի, Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ առաջին և երրորդ նախագահների՝ զինված խմբի վերաբերյալ ելույթներին ու նշեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ «լավրովյան պլանն» իրագործելու նպատակով»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս