Մեթյու Բրայզան՝ ԼՂՀ հարցի բանակցային գործընթացի, Զախարովայի հայտարարությունների և երևանյան լարված իրադարձությունների մասին

168.am-ի զրուցակիցն է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

– Պարոն Բրայզա, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն օրերս տեղեկացրել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման նախագահական հաջորդ հանդիպումն է քննարկվում, որը տեղի կունենա օգոստոս ամսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո: Այն դեպքում, երբ Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահական հանդիպումից հետո ֆրանսիական կողմը հանդես եկավ նմանատիպ հանդիպում Փարիզում կազմակերպելու առաջարկով: Ինչո՞ւ կրկին Ռուսաստանում, և ի՞նչ սպասել այդ սպասվելիք հանդիպման արդյունքներից:

– Ես կարող եմ միայն դրականորեն գնահատել: Եթե Մինսկի խմբի համանախագահ երկրների երկու նախագահներ ցանկանում են հանդիպում հյուընկալել իրենց երկրներում՝ դա գերազանց է: Ես ասել եմ, որ եղավ ավելի մեծ առաջընթաց, քան մեզնից շատերն էին ակնկալում, Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքում, որն անցավ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո: Կարծես թե նոր գործընթաց է սկսվել, որը կուղղորդի այս ամենը դեպի բովանդակային բանակցություններ, ինչը միայն դրական է: Ամենակարևոր հանգամանքն այն է, որ Սանկտ Պետերբուրգի քննարկումներից անմասն չեն մնացել համանախագահ մյուս երկրների նախագահները: Ես հուսով եմ, որ նախագահ Պուտինը կշարունակի իր ջանքերը նույն ոգով: Եթե նախագահ Օլանդը ևս ցանկանում է հանդիպում հյուրընկալել, դա շատ լավ կլինի, նախագահ Օբաման էլ նման հանդիպումներ ունեցավ Վաշինգտոնում ապրիլ ամսին:

– Հայաստանում կան մտավախություններ, որ բանակցություններում իր գերակա միջնորդի դերակատարությունը կպահպանի ռուսական կողմը, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Դուք չունե՞ք նման մտավախություն:

Կարդացեք նաև

– Ես մշտապես իմ մտահոգությունն եմ արտահայտել այդ հարցի վերաբերյալ: Բայց այս անգամ ես պետք է ազնիվ լինեմ և ասեմ, որ պնդել եմ՝ ՌԴ նախագահը չի ցանկանում հակամարտության ամբողջական լուծում, բայց ես պետք է պետերբուրգյան հանդիպման արդյունքներից դատեմ, իսկ այդ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրվեց: Եթե դա շարունակվի, նման ոգով շարունակվի, ապա դրական է:

– Պետերբուրգյան հանդիպումից հետո Հայաստանում տեղեկություններ են տարածվել, թե հայկական կողմը սկսել է քննարկել տարածքներ վերադարձնելու հարցը, որը լուրջ մտահոգություններ է բարձրացրել հասարակության շրջանում: Ըստ Ձեզ՝ եղե՞լ են նման բովանդակային բանակցություններ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ:

– Ես չգիտեմ՝ իրականում ինչ են քննարկել: Բայց ես տեսել եմ ադրբեջանական կողմից հայտարարություններն այն մասին, որ գուցե քննարկվել է որոշ տարածքների վերադարձի հարցը Հայաստանի համար առևտրային և տրանսպորտային սահմանափակումների վերացման փոխարեն: Չգիտեմ՝ արդյո՞ք դա ճիշտ է, քանի որ այնտեղ չեմ եղել: Բայց չենք կարող բացառել, հնարավոր է: Էական, կոնցեպտուալ հարցն այն է, թե ինչպիսի կարգավորման տարբերակ պետք է լինի՝ քայլ առ քա՞յլ, թե՞ համակարգային, երբ բոլոր հարցերը լուծվեն միաժամանակ կարգով: Թվում է, որ որոշ մարդիկ կարծում են՝ գուցե ավելի ճիշտ է քայլ առ քայլ, այսինքն՝ փուլային մոտեցումը, բայց ինձ հայտնի է, որ այդ մոտեցումն ընդունելի չէ հայկական կողմի համար: Ու այս փուլում այլևս համանախագահները, նախագահները պետք է հստակեցնեն, թե ի՞նչ օրակարգով առաջ շարժվեն: Գուցե հենց սա քննարկեն օգոստոս ամսին: Չգիտեմ, հույս ունեմ, որ այդպես կլինի:

– Ձեր կարծիքով՝ ո՞րն է ամենակարևոր հարցը ԼՂ հակամարտության և հակամարտության կարգավորման գործընթացի համար: Հայկական կողմը նախագահի մակարդակով պնդել է, որ մեր կողմի համար կարևոր են երաշխիքները, որ չեն լինի սադրանքներ շփման գծում, և այս պայմաններում հայկական կողմը կարող է առաջ շարժվել բանակցային գործընթացում:

– Սա հայկական կողմի ավանդական դիրքորոշումն է: Կարծում եմ՝ դա առաջ ընթանալու բանաձևն է, եթե Հայաստանը լինի անվտանգ, ապա բանակցություններն առաջ կընթանան: Ես ենթադրում եմ, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահները քննարկել են, թե ինչպես դա հնարավոր կլինի ապահովել, և Հայաստանը կսկսի բանակցությունները քաղաքական լուծման շուրջ:

– ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին նշել էր, թե Թուրքիան կարող է դրական աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, եթե ցանկանում է: Ինչպե՞ս եք պատկերացնում Թուրքիայի աջակցությունը: Ի՞նչ էր նշանակում այս հայտարարությունը:

– Դա ես շփոթեցնող եմ համարում: Ակնհայտ է, որ Հայաստանն իրեն հարմարավետ չի զգալու, եթե Թուրքիան միջնորդական դերակատարություն ստանձնի՝ ակնհայտ պատճառներից ելնելով: Զախարովան գիտի դա: Կարծում եմ՝ այդ հայտարարությունն այլ նպատակով է արվել: Ռուսաստանը ցանկանում է հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից և մոտեցնել իրեն: Տիկին Զախարովան ցանկանում է պահպանել ողջ ռուսական տեղեկատվական հոսքի ուղղությունը՝ փորձելով ապացուցել, որ Ռուսաստանն է Թուրքիայի իրական գործընկերը, և ոչ՝ ԱՄՆ-ը: Շուտով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այց կկատարի Թուրքիա և կփորձի մոտենալ Թուրքիային որքան հնարավոր է՝ շատ:

– Երևանյան իրադարձությունները, որոնց Դուք մասամբ հետևել եք, ինչպե՞ս կանդրադառնան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա:

– Կարևոր է ինձ համար հասկանալ, թե ո՞ւմ են նրանք ընդդիմանում, ինչի՞ն են ընդդիմանում: Խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանի՝ զիջումների գնալու մտադրությունների դեմ: Ես չգիտեմ իրական պահանջները: Եթե տարածքներ վերադարձնելու մտադրություններին են ընդդիմանում, ապա Ձեր հարցի պատասխանն ակնհայտ կլինի: Եթե նրանք ունեն այլ մտահոգություններ և այլ հարց են փորձում լուծել, այնուամենայնիվ, սա ի նպաստ տարածաշրջանային կայունության չէ: Սա, այնուամենայնիվ, բացասական զարգացում էր:

Տեսանյութեր

Լրահոս