«Սա գնահատում եմ՝ որպես փակուղի և շատ վտանգավոր փակուղի». Ալեք Ենիգոմշյանը՝ բանակցությունների մասին

168.am-ի զրուցակիցն է ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով այս օրերին ընդգրկված էր Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սէֆիլյանի և իշխանությունների միջև բանակցությունների մեջ:

– Պարոն Ենիգոմշյան, այս քանի օրերի լռությունից հետո, այսօր վերջապես նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ՝ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրավելուն, պատանդներ պահելուն և դրա արդյունքում ստեղծված իրավիճակին: Ձեր կարծիքով՝ նրա այս ելույթը կարո՞ղ է բեկում մտցնել իրավիճակում, և դրանում խնդրի հանգուցալուծման ուղիներ Դուք տեսնո՞ւմ եք:

– Ուղի, ճանապարհ, ցավոք, չեմ տեսնում, դա շատ ցավալի է: Սերժ Սարգսյանն ասում է՝ պետք է հանձնեք, զենքերը վայր դնեք և հանձնվեք, ինչը, վստահ եմ, որ չի լինելու: Ամենակարևորը, ինքն ասաց, որ դասեր են քաղել այս եղածից, բայց ոչ մի անհրաժեշտ հետևություններ արված չեն, և սա գնահատում եմ՝ որպես փակուղի և շատ վտանգավոր փակուղի, որի ամբողջական պատասխանատվությունն ընկնում է իր ուսերին, որովհետև առաջին օրվանից Ժիրայր Սէֆիլյանը, որը, իհարկե, «Սասնա ծռեր» խմբից չէ, այս իրավիճակից դուրս գալու ողջամիտ ճանապարհ առաջարկեց: Ժիրայր Սէֆիլյանը, երկար ժամանակ լինելով Սերժ Սարգսյանի հեռացման և ամբողջովին նոր համակարգի ձևավորման ջատագով, ելնելով այս ստեղծված վտանգավոր իրավիճակից՝ ասաց՝ «ես պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հեռացման պահանջը դնել մի կողմ, սկսել իշխանությունների հետ բանակցություններ՝ ոչ թե «Սասնա ծռեր» խմբի՝ գնդի տարածքից դուրս գալու և այլ հարցերի մասին, այլ երկրում էական փոփոխությունների վերաբերյալ: Դա ամենաողջամիտ մոտեցումն էր, որին 6 օրվա ընթացքում պաշտոնապես Սերժ Սարգսյանը և իր վարչախումբը բացարձակապես չի արձագանքում, կարծես երկրում ոչ մի խնդիր չկա, և այլն: Սա փակուղի է, լուծում չէ:

– Ճիշտ է, Ժիրայր Սէֆիլյանն առաջարկում է երրորդ տարբերակ, որն այդպես էլ չի հստակեցվում՝ ինչի մասին է, բայց «Սասնա ծռեր» խմբի անդամներն էլ, որոնք այս պահին գրավել են Ոստիկանությունը, բացառում են իրենց պահանջներից, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետ կանգնելը: Դա արդյոք չի՞ նշանակում, որ իրենք արդեն բռնել են բանակցությունները փակուղի տանող ճանապարհը:

– Եթե Սերժ Սարգսյանը համաձայնություն տված լիներ քաղաքական լուրջ փոփոխությունների շուրջ բանակցությունները սկսելուն, որի առաջարկն արել էր Ժիրայր Սէֆիլյանը, և եթե այդ դեպքում խումբը շարունակեր ասել, որ իրենք իրենց պահանջներին են մնում, այդ դեպքում միգուցե դուք իրավացի կլինեիք, բայց այսօր մենք շատ հեռու ենք այդ իրավիճակից: «Սասնա ծռեր» խումբը սկսել է այդ նպատակով, և նորմալ է, որ այդ նպատակով է շարունակում, բայց եթե այդ ոլորտում ինչ-որ դրական զարգացում լինի… Ես չեմ որոշելու, իհարկե, իրենք են որոշելու… Այսինքն՝ ոչ մի բան չտալ և ասել, որ «Սասնա ծռեր» խումբն անզիջող է, չէ, անզիջողն այս ռեժիմն է, որն ունի բոլոր լծակները ցանկացած փոփոխության, ընդամենը մնում է բարի կամքը, որը հերթական անգամ ապացուցում է, որ չի կարող ունենալ: Երբ կա ողջամիտ լուծման հնարավորություն, և դա կախված է Սերժ Սարգսյանից, այդ դեպքում պարզ է՝ որ կողմին պետք է մեղադրել:

– Բայց «Սասնա ծռեր» խմբի անդամներն իրենք էլ չեն հստակեցնում իրենց դիրքորոշումը Ժիրայր Սէֆիլյանի առաջարկած տարբերակի վերաբերյալ, չեն ասում՝ իրենց համար ընդունելի՞ է այդ տարբերակը, թե՞ ոչ: Այսինքն՝ եթե անգամ Սերժ Սարգսյանը գնա բանակցելու Ժիրայր Սէֆիլյանի հետ, պարզ չէ, «Սասնա ծռերի» համար դա ընդունելի՞ է, դրանից հետո զենքերը վայր կդնե՞ն, թե՞ ոչ:

– Բոլորս գիտենք, որ Ժիրայր Սէֆիլյանը հեղինակություն է՝ և խմբի անդամների մոտ՝ որպես առանձին անհատներ, և Հայաստանից դուրս շատ մարդկանց մոտ: Երկրորդ՝ այս ճգնաժամային իրավիճակում ստեղծել հնարավորություն, որ Ժիրայր Սէֆիլյանն անձամբ շփվի խմբի անդամների հետ, մեծապես կավելացնի այդ հեղինակությունը գործի դնելու հնարավորությունը Ժիրայր Սէֆիլյանի կողմից: Սրանք ևս քայլեր են, որ կարող են նպաստել՝ ի օգուտ խաղաղ հանգուցալուծման, այս բոլորի բանալիները գտնվում են վարչախմբի մոտ:

– Այս «փակուղային» իրավիճակում՝ առաջիկայում ի՞նչ կարելի է ակնկալել:

– Ոչ թե ակնկալել, ընդամենը՝ հուսալ ողջամտություն վարչախմբից և ուժեղացնել ժողովրդական մոբիլիզացիան:

Տեսանյութեր

Լրահոս