ՀՅԴ ԳՄ-ն հայտարարությամբ է հանդես եկել

ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարությամբ է հանդես եկել. հայտարարության տեքստը՝ ստորեւ

* * *

Վեցերորդ օրն է, ինչ Հայաստանի քաղաքացիներն ու հայությունը նոր փորձության առաջ են: Զենքի ուժով քաղաքական փոփոխություններ են պահանջում մի խումբ մարդիկ, ովքեր քաղաքական պայքարի մեթոդներն ու ձեւերը չեն ընդունում: Առկա է փակուղային իրավիճակ, առկա է մտածողության ճգնաժամ: Որ մտածողությունը կհաղթի, ինչ հանգուցալուծում կունենանք, սրանից է կախված երկրի հետագա ընթացքը:

Այս իրադրության մեջ յուրաքանչյուրը` անհատ, թե հասարակական-քաղաքական խմբավորում պարտավոր է հստակ դիրքորոշում ունենալ: Ոստիկանական զորամասի գրավումից ժամեր անց, երբ դեռ հայտնի չէր, որ գնդապետ է զոհվել, ՀՅ Դաշնակցությունը արտահայտել է իր դիրքորոշումը` այո, անհրաժեշտ են որակական փոփոխություններ, բայց ծայրահեղական մտածողությունը ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում է այդ փոփոխությունները:

Կարդացեք նաև

Զենքով, բռնությամբ, պատանդներով եւ ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու: Նպատակն ինքնին չի արդարացնում միջոցները: Ով հակառակն է մտածում կամ աջակցում է այդպես մտածողներին, ուղղակի բացառում է ուժեղ, կազմակերպված, ազատ երկիր ունենալու հեռանկարը: Պատրանք ստեղծելով, թե պայքարում են լավ իշխանության, լավ Հայաստանի համար, իրականում ոչնչացնում են Հայաստանը: Այն պնդումները, թե մեր երկրի ծանր իրավիճակը փոխելու այլ ելք չի մնացել կեղծ են ու մտացածին:

Ելք կա: Բայց այդ ելքը պահանջում է աշխատանք, գիտակից կազմակերպվածություն, ազատ քաղաքացիների համախմբում, հետեւողական պայքար մեզ թուլացնող բոլոր երեւույթների դեմ, ինչի հիմքերը դժվարությամբ, բայց ստեղծվում են: Հայհոյանքը, թշնամանքը, ատելությունը, բռնությունը, ժողովրդի արդարացի ակնկալիքներն ու դժգոհությունը անտեսելը միշտ պառակտում ու ոչնչացնում են հայության հավաքական ներուժը: Արդյունքում քառօրյա պատերազմից հետո ստեղծված մեր աներեւակայելի համազգային համախումբը այսօր լրջորեն վտանգված է:

Ճշմարտությունը միշտ դառն է, բայց այն չասելը անպատասխանատվություն է ու անողնաշարություն: Հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից հետո երրորդ հարվածն է հասցվել մեր պետականությանը: Վտանգ կա, որ նորից տարիներ ենք կորցնելու, ինչը հղի է ներքին ու արտաքին կյանքում նոր կորուստներով: Չհասկանալ սա, չդատապարտել կատարվածը, նշանակում է ջուր լցնել մեր թշնամիների ջրաղացին:

ՀՅ Դաշնակցությունը ձտգում է իրավիճակի բացառապես խաղաղ հանգուցալուծման, անթույլատրելի է համարում նոր արյունահեղությունը, իրավապահ մարմիններից պահանջում է արհեստավարժություն, պահանջում է հարգել օրինապահ քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը, վճռականորեն դատապարտում է պայքարի ոչ քաղաքական մեթոդներն ու ծայրահեղական մտածողությունը: Մենք կարող ենք եւ ունենալու ենք ուժեղ, ազատ, բարեկեցիկ Հայաստան: Այդ ճանապարհին պարտավոր ենք ձեւավորել եւ նոր որակի իշխանություն: Այդ ճանապարհը մենք անցնելու ենք այս արժեքներով ու գիտակցությամբ առաջնորդվող հասարակության լայն շրջանակների հետ։

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031