Բաժիններ՝

«Բովանդակային առումով այդ տեքստերը շատ տարբեր չեն». Ռուբեն Բաբայանը՝ մտավորականների նամակի տեքստի մասին

Մտավորականների այն նամակը, որով դիմել էին Ժիրայր Սէֆիլյանին՝ հորդորելով «վայր դնել զենքերը», մամուլում շրջանառվության մեջ է դրվել որոշակի փոփոխություններով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր այդ նամակը ստորագրած «Հովեր» կամերային երգչախմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը՝ հրապարակելով տեքստի այն տարբերակը, որն, ըստ նրա, ուղարկվել է Ժիրայր Սէֆիլյանին:

168.am-ի հետ զրույցում Տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հաստատեց, որ մամուլում շրջանառության մեջ դրված տեքսը որոշակիորեն տարբերվում է այն տեքստից, որն ուղարկվել է Ժ. Սէֆիլյանին:

Նա նշեց, որ իրենց կողմից ուղարկված նամակում նշվում է Ժիրայր Սէֆիլյանի արժանիքների մասին, խոսվում է սպանված գնդապետի մասին: Ռ. Բաբայանը նշեց, որ չգիտի՝ ով է այդպես փոխած տարբերակով ուղարկել լրատվամիջոցներին, բայց նաև նկատեց, որ բովանդակային առումով այդ տեքստերը շատ տարբեր չեն. «Ես չգիտեմ՝ որտեղից մամուլում այդ տեքստը հայտնվեց: Ինձ ասացին, որ տարածվել է, և ես խնդրեցի, որ գոնե ուղղվի: Ինձ համար կարևորը, որ նամակը իրեն հասնի, որովհետև այդ նամակը, առաջին հերթին, իրեն էր հասցեագրված: Երբ 20 քանի հոգի ստորագրում են, պարզ է, որ դա ինչ-որ ձևով ընկնելու է մամուլ: Ասեմ, որ նամակի տեքստում բովանդակային տարբերություն չկա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր էլ մշակույթի գործիչների մեկ այլ խումբ էլ առանձին նամակով դիմել է իշխանությունենրին՝ պահանջելով, որպեսզի կոնֆլիկտը լուծվի բացառապես խաղաղ բանակցություններով: Մեր այն հարցին, թե, փաստորեն, մտավորականներին է՞լ է պառակտել այս գործընթացը, Ռ. Բաբայանն այսպես պատասխանեց.

«Ես այստեղ մի մեծ խնդիր չեմ տեսնում, որովհետև ինքս պատրաստ եմ ստորագրել ցանկացած նամակի տակ՝ անկախ նրանից, թե դա ում է ուղղված, եթե այն ինչ-որ ձևով կարող է կանգեցնել արյունահոսությունը: Այդ հարցում որևէ խնդիր չեմ տեսնում»:

Մեր ճշտող հարցին, թե Ձեզ դիմե՞լ էին այդ երկրորդ խմբի նամակի տակ ստորագրելու համար, Ռ. Բաբայանը պատասխանեց, որ չեն դիմել: Նա պարզաբանեց, որ ինքը Սէֆիլյանին իր խոսքը հասանելի չէր կարող դարձնել, դրա համար է նամակով հենց Սէֆիլյանին դիմել, իսկ իշխանություններն ամեն օր իր խոսքը լսում են. «Այն, ինչ ես ասում եմ իշխանությանը առանց կաշկանդվելու՝ ասում եմ միշտ, անկախ նրանից՝ այս իրադարձությունները եղե՞լ են, թե՞՝ ոչ: Եթե ես բանավոր ասում եմ ու հաշվի չեն առնում, նամակ գրեմ՝ հաշվի կառնե՞ն»: 13820455_10207279446608657_207990966_n_640x1138

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս