«Քանի դեռ բանակցությունները շարունակվում են, պետք է առաջնորդվենք դրանց չվնասելու սկզբունքով». Էդուարդ Շարմազանով

«Այսօր թիվ մեկ խնդիրը խաղաղ հանգուցալուծումն է: Պահանջների մասին այսօր ժամանակը չէ խոսելու: Այսօր պետք է հասնենք նրան, որ խնդիրն ունենա հնարավորինս խաղաղ հանգուցալուծում»,- այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ Հայաստանում կա իշխանություն, և ԱԱԾ-ն պարբերականորեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ. այն իշխանության մի մասն է: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ևս խոսել է: Նա նշեց, որ բանակցությունները, քննարկումները շարունակվում են, բոլոր մեխանիզմները պետք է օգտագործենք, որպեսզի նոր արյունահեղություն չլինի: Նա նշեց, որ ինքը չէ այն պաշտոնյան, որ պետք է խոսի բանակցությունների մանրամասների մասին, չի կարծում, որ դրանք պետք է ներկայացնել լրատվամիջոցների առաջ. քանի դեռ բանակցությունները շարունակվում են, պետք է առաջնորդվենք դրանց չվնասելու սկզբունքով:

Հարցին՝ արդյոք զգո՞ւմ են իրենց մեղքը, որ ժողովրդին հասցրել են այնպիսի վիճակի, որ մարդիկ իշխանափոխության են ձգտում այս ճանապարհով, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ պատճառներին չի ուզում անդրադառնալ: «Իմ մեղավորությունների հետ կապված… ես սուրբ չեմ, ունեմ բազում մեղքեր, թերություններ, և թող առաջինը քար նետի նա, ով մեղավոր չէ»,- ասաց նա: նա նշեց, որ որևէ ժողովրդավարական երկրում զենքի ուժով խնդիր լուծելն արդարացված չէ՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա:

«Մենք՝ որպես իշխանություն, անելու ենք բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի մեր մայրաքաղաքում, մեր հայրենիքում հայի արյուն չթափվի: Հերիք է, ինչքան հայի արյուն է թափվել: Ոչ մեկս էլ ապահովագրված չենք սխալներից: Լավագույն ճանապարհը երկխոսությունն է, միմյանց լսելը»,- եզրափակեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս