«Մեզ նոր արյուն պետք չէ. մեր լռությունը պայմանավորված է եղել բանակցային գործընթացը չխաթարելու, չխոչընդոտելու ցանկությամբ». Էդուարդ Շարմազանովը պարզաբանում է՝ ինչո՞ւ էր լռում
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի այսօրվա նիստը հերթական էր, բայց քանի որ վերջին 5 օրերի ընթացքում Էրեբունիում տեղի են ունենում իրադարձություններ, կուսակցության գործադիր մարմինը քննարկել է այդ հարցը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով հանգուցալուծման կողմնակից է: Տեղի է ունեցել ողբերգություն, մենք կորցրել ենք մեր հայազգի եղբորը, մեր ժողովրդի պաշտպաններից մեկին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այսօր թիվ մեկ խնդիրը բանակցությունների միջոցով խնդրի հանգուցալուծմանը հասնելն է:
Նա նշեց, որ ուժային կառույցները հիմնականում մեկ նպատակ են ունեցել՝ առանց արյունահեղության, խաղաղ ճանապարհով, բանակցությունների ճանապարհով հասնել այս դժվարին իրավիճակի հանգուցալուծմանը:
Անդրառնալով հարցին, թե ինչո՞ւ այս օրերին հանրապետականները կամ ինքը հարցազրույց չեն տվել, չեն ներկայացրել իրենց տեսակետը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իր լռությունը պայմանավորված է եղել բանակցային գործընթացը չխաթարելու, չխոչընդոտելու ցանկությամբ:
«Այս օրերի ընթացքում շատ նյարդային պահ է, և տա Աստված՝ Աստծո կամոք քրիստոնեական բարոյախոսությունը, քրիստոնեական արժեհամակարգը, սերն ու հանդուրժողականությունը հաղթեն: Ես հավատում եմ, որ բոլոր կողմերում խիղճը, հանդուրժողականությունը կհաղթեն, և Աստծո կամոք մենք կխուսափենք հնարավորինս նոր արյունահեղություններից:
Մեզ նոր արյուն պետք չէ: Հայաստանում մենք թշնամիներ չունենք: Բոլորը մեր եղբայրներն են, բոլորը մեր քույրերն են, բազմում խնդիրներ կան, բայց այսօր թիվ մեկ խնդիրը ոչ թե դա է, այլ՝ հնարավորինս անել ամեն ինչ, որպեսզի այս խնդիրը խաղաղ հանգուցալուծվի: Սա է ՀՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը»,- ասաց նա: