Բաժիններ՝

Ժիրայր Սէֆիլյանի տեսակցությունների վրա արգելանք է դրվել

Ժիրայր Սէֆիլյանի տեսակցությունների վրա քննիչի որոշմամբ արգելանք է դրվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արա Զաքարյանը՝ նշելով, որ Սէֆիլյանի կինը ցանկացել է տեսակցել նրան, սակայն թույլ չեն տվել: Փաստաբանն ասաց նաև, որ դեռևս քննիչի որոշումը չի ստացել:

Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել էր  2016թ. հունիսի 20-ին, ապա նրան մեղադրանք էր առաջադրվել , և դատարանի որոշմամբ՝ նա կալանավորվել էր:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:

Ըստ կոմիտեի՝ 2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հայտնաբերվել են Ժիրայր Սէֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը: Ժիրայր Սէֆիլյանը մեղադրանքը չի ընդունում  . պաշտպանական կողմը հայտարարել է , որ Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ քրեական գործը քաղաքական պատվեր է Սէֆիլյանի հայացքների, քաղաքական գործունեության և հատկապես՝ ապրիլի սկզբին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ունեցած տարածքային կորուստների իրական չափերի վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունների կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս