Բաժիններ՝

Միջազգային մամուլի արձագանքը Երևանի կենտրոնում կատարվող իրադարձություններին

Քիչ առաջ լարված իրավիճակ էր ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքի դիմաց: «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու համար այնտեղ հավաքված քաղաքացիները պահանջում էին, որ ոստիկաններն իրենց թույլ տան սնունդ փոխանցել ներսում գտնվողներին: Ոստիկանության կողմից պատասխան չստանալով՝ քաղաքացիները քարեր սկսեցին նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան՝  ոստիկաններն արցունքաբեր գազ կիրառեցին ցուցարարների նկատմամբ: Հայտնի է, որ բախման հետևանքով վիրավորվել են և ոստիկաններ և ցուցարարներ:

Երևանի սրտում կատարվող դեպքերին արագորեն արձագանքել է դրսի մամուլը, որն օպերատիվորեն հետևում է հայկական կայքերին ու թարմ տեղեկություններ հաղորդում: Հատկապես օպերատիվ են աշխատում ռուսական լրատվամիջոցները: Իրադարձություններին արդեն իսկ արձագանքել են Reuters-ը, Daily Mail-ը, RT-ն, US News-ը, cbs5az.com-ը, Press TV-ն, BBC-ն, StarTribune-ը,  ռուսական գրեթե բոլոր առաջատար կայքերը՝ RIA Novosti-ն, Interfax-ը, Gazeta-ն, TASS-ը, BBC-ի ռուսական ծառայությունը, ntv.ru-ն, Lenta.ru-ն, «Կոմերսանտը», ուկրաինական Korrespondent.net-ը:

Օտարերկրյա մամուլն ակտիվորեն օգտվում է հայկական լրատվական կայքերից: Հեղինակավոր Reuters գործակալությունը անդրադառնալով ոստիկանության և ցուցարարների բախումներին, գրում է, որ հարյուրավոր ցուցարարներ համախմբվել էին՝ իրենց աջակցությունը հայտնելով խմբի անդամներին, որոնք գրավել են ՊՊԾ շենքը և պատանդ վերցրել ոստիկաններին: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ու հատուկ միջոցներ՝ այն բանից հետո, երբ ցուցարարները քարերով հարվածել են ոստիկաններին:

Գործակալությունը հաղորդում է, որ խմբի անդամները պահանջում են ազատել ընդդիմադիր, հունիսից կալանավորված ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին:

Կարդացեք նաև

Նշվում է, որ բռնությունները սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ուժով բացել իրենց ճանապարհը ու սնունդ հասցնել ներսում գտնվողներին:

Ոստիկանությունից Reuters-ին հայտնել են, որ բազմաթիվ ոստիկաններ են վնասվածքներ ստացել: Գործակալությունը հաղորդում է, որ ցուցարարների շրջանում ևս կան վնասվածքներ ստացածներ:

Usnews.com-ը և StarTribune-ը գրում են, որ դեռ հստակ պարզ չէ, թե արդյոք կա՞ն լուրջ վնասվածք ստացած անձինք: Հաղորդվում է ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակների կիրառման մասին:

Daily Mail-ը, իր հերթին, գրել էր, որ ավելի քան 20 զինված մարդ է գրավել ՊՊԾ գնդի շենքը՝ պահանջելով ազատել Ժիրայր Սէֆիլյանին: Ոստիկանության 1 սպա սպանվել է 4-ը՝ վիրավորվել: Պատանդառված է 5 ոստիկան:

RT-ն հայտնում է, որ մարդիկ բարիկադներ էին կառուցել այն շենքի հարևանությամբ, որտեղ պահվում են պատանդները: Հաղորդվում է ցուցարարների և ոստիկանների շրջանում վիրավորների մասին:

TASS-ը, հղում կատարելով իր թղթակցին, հաղորդում է, որ մի քանի մարդ է վիրավորվել: Մինչ բախումները սկսելը ցուցարարներին փորձել է սթափեցնել Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Կոմերսանտը» գրում է, որ իրավապահները  կիրառել են արցունքաբեր գազ՝ ի պատասխան ցուցարարների գործողությունների, որոնք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Interfax-ը, վկայակոչելով իր թղթակցին, հաղորդում է Տիգրան Մեծ պողոտայի փակման մասին:  Հաղորդվում է, որ  ցուցարարներն աղբամաններից և նստարաններից բարիկադներ են կառուցել, իսկ դեպքի վայր ժամանած հոգևորականը փորձել է խաղաղեցնել կրքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս