Google-ը կօգնի հասկանալ՝ որքան ժամանակ եք անցկացնելու կոնկրետ վայրում
Google-ն արդեն գիտի, թե որքան ժամանակ են մարդիկ անցկացնում տարբեր վայրերում, և այժմ արդեն կհուշի նաև ձեզ: Google-ը վաղուց արդեն հավաքում է տեղեկատվություն տարբեր վայրերի մասին:
Որոնողական համակարգն ունի մանրամասն տեղեկատվություն այն մասին, թե որտեղ է գտնվում որևէ կազմակերպությունը կամ ժամանցային վայրը, երբ է բացվում, ինչպիսի պայմաններ է առաջարկում: Ինչպես նաև տալիս է կոնտակտներ և ցուցադրում է լուսանկարներ և տեսանյութեր: Օրվա պլանավորման համար Google-ն առաջարկում է նաև հասկանալ, թե երբ է պետք գնալ, որպեսզի չկանգնեք դռների առաջ, կամ որքան կտևի ձեր այցը:
Այս ամենն իրականացնելը բավականին հեշտ է: Երկար ժամանակ հետևելով օգտատերերի շարժին, տարբեր վայրերում անցկացրած ժամանակին՝ ընկերությունը մշակել է ալգորիթմ, ըստ որի՝ կարելի է հասկանալ տարբեր վայրերում այցի տևողությունը: Այս ծառայությունը ոչ միայն օգնում է պլանավորել օրը, այլև թույլ է տալիս գնահատել կոնկրետ վայրի առաջարկած ծառայությունները: Օրինակ, տեսնելով, որ այգում մարդիկ անցկացնում են միջինը 20 րոպե՝ կարելի է հասկանալ, որ տվյալ այգին այնքան էլ հետաքրքիր չէ:
Այս ծառայությունից օգտվելու համար պետք է օգտվել Google-ի առաջարկած քարտեզներից: Քարտեզի վրա, կոնկրետ վայրի հասցեից բացի, կգտնեք նաև նմանատիպ տեղեկատվություն: Այս ծառայությունը դեռևս հասանելի չէ բոլոր վայրերի համար, սակայն ընկերությունը խոստանում է, որ շուտով այս բացթողումը կլրացվի: