Բաժիններ՝

«Մենք վճարենք, հագցնենք, ամեն ինչով ապահովենք, որպեսզի գան՝ մեր գլուխը ջարդե՞ն». Եղիշե Պետրոսյանը՝ ոստիկանների մասին

«Երբ երկրի կառուցման գործում անընդհատ ու հետևողականորեն ամեն ինչ անտեսվում է, բաց է թողնվում, և հսկողություն չի լինում, երբ մարդիկ արհամարհվում են, հիասթափվում, կորցնում են իրենց բոլոր հնարավորությունները՝ Սահմանադրությամբ ամրագրված մեթոդներով ինչ-որ բան փոխելու մեր երկրում, արդյունքում լինում է այսպիսի բան: Սա է պատճառը, այլ պատճառներ փնտրել պետք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Երևանում կատարվող վերջին դեպքերին՝ նման կարծիք հայտնեց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ ավելացրեց. «Ո՞ւր են նրանք, ովքեր դեմ են այս գործողություններին, ինչո՞ւ հակացույցեր չեն լինում: Նշանակում է, որ բոլորին է հոգնեցրել այս անկառավարելիությունը: Մարդիկ հոգնել են, ոչ ոք չի ուզում կանգնել Հայաստանի կողքին. հարձակման է ենթարկվել Հայաստանի Հանրապետությունը, այլ ոչ իշխանությունը: Սա շանտաժի ակցիա է. եթե դուք մեր ցանկությունները չկատարեք, Հայաստանի համար շատ վատ կլինի: Մենք՝ հասարակ քաղաքացիներս, կամ ոչ իշխանական, ոչ հեղափոխական քաղաքացիներս, հասկանում են, որ այս պայքարի մեջ մենք ենք կորցնելու: Թիրախի տակ Հայաստանն է, Հայաստանի վարկը, հեղինակությունը, հայկական պետության կայունությունը: Այսինքն՝ եթե ուզում եք՝ անկայուն լինի Հայաստանը, դիմադրեք, գնդակահարեք մեզ, եթե ուզում եք խաղաղ անցնի, հանձնվեք: Երկու կողմն էլ այդպես են ասում»,- ասաց Ազատ Արշակյանը:

Բայց ըստ նրա՝ ամեն դեպքում իշխանազավթությունը դատապարտելի երևույթ է.
«Իշխանությունը պետք է ձևավորվի ժողովրդի կողմից, այն զավթել չի կարելի: Կարելի է հաղթել, եթե կա քաղաքական կամք: Այն, ինչ կատարվեց, իշխանազավթություն է, իշխանափոխություն չէ, եթե զենքով է՝ իշխանազավթություն է: 30 կամ 40 հոգի ուզում են իշխանությունը զավթել՝ զավթիչներից խլել: Ինձ համար միևնույն է, թե ով է զավթում իշխանությունը, իշխանության աղբյուրը պետք է լինի ժողովուրդը»:

Եղիշե Պետրոսյանը համամիտ չէր. «Թեորիապես այդպես է, բայց պրակտիկան այլ բան է ցույց տալիս. Սահմանադրական քայլերով ոչ մի խնդիր չի լուծվել մեր երկրում»: Երկու բանախոսներն էլ, սակայն, միակարծիք են այն հարցում, որ պետք է կոմպրոմիսի գնալ:

Կարդացեք նաև

Եղիշե Պետրոսյանի խոսքով՝ թե՛ խմբի անդամները, թե՛ իշխանությունը վճռական են տրամադրված, բայց պետք է փոխզիջման գնալ. «Իշխանությունը պետք է անպայման ընդառաջ գնա հասարակությանը, գտնեն կոմպրոմիս՝ հետագա արյունահեղությունը դադարեցնելու համար: Իսկ Ոստիկանության պահվածքն ի՞նչ է, դա սպասարկում է մեր անվտանգությո՞ւնը: Էս ի՞նչ են անում, էս ի՞նչ վայրենիներ են: Մենք վճարենք, հագցնենք, ամեն ինչով ապահովենք, որպեսզի գան՝ մեր գլուխը ջարդե՞ն»:

Ազատ Արշակյանն էլ հավելեց՝ դատապարտելի է ոստիկանների արարքը.
«Ոստիկանների ուսադիրները՝ աղբանոց: Իսկ հանգուցալուծումը պետք է լինի այսպիսին. բացի քաղաքական բարեփոխումներից (իշխանափոխությունն անհրաժեշտ է), այսօր իշխանությունն ինքը պետք է քայլեր անի: Կոպիտ սխալ էր Ժիրայր Սէֆիլյանին ազատազրկելը: Ովքեր ազատազրկել են Սէֆիլյանին՝ պետք է պատժվեն»:

Հասարակության՝ փողոց դուրս գալու մասով բանախոսները ևս համակարծիք են: «Շա՞տ մարդ դուրս կգա փողոց, ինչ-որ բան կփոխվի, փոխհամաձայնության կգան»,- ասաց Եղիշե Պետրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս