TSD-ն պարզաբանում է
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Technology and Science Dynamics) այսօր ևս մեկ անգամ անդրադարձել է տարվա ընթացքում արտադրված բջջային հեռախոսների և պլանշետների քանակի մասին մեր հրապարակմանը։
Հիշեցնենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016թ. հունվար-մայիսին արտադրվել է 696 հատ պլանշետ և 200 բջջային հեռախոս։
TSD-ից երեկ մեզ պատասխանել էին, որ այդ թվերն իրականությանը չեն համապապատասխանում, և ընկերությունն իրականում ավելի շատ արտադրանք է տվել։
Ընկերության հաղորդակցության գծով պատասխանատու Աննա Ոսկանյանն այսօր տեղեկացրեց, որ ԱՎԾ-ի ներկայացրած թվերը ճիշտ են՝ հունվար-մայիս ամիսների ընթացքում ընկերությունը տվել է արտադրություն 696 պլանշետ և 200 հեռախոս։
Թյուրիմացության պատճառը եղել է այն, որ ընկերությունում ի սկզբանե կարծել են՝ խոսքը վերաբերվում է տարվա սկզբից մինչ այս պահը արտադրված սարքերի քանակին։ «Մայիսից հետո այս թիվն արդեն ավելացել է, որը հնարավոր կլինի տեսնել հաջորդ վիճակագրական տվյալներից։ Հավելեմ, որ ընկերությունը 2014 թվականին արտադրություն չի ունեցել, քանի որ գտնվել է գործարանի կառուցման փուլում։»,- ասաց Ա. Ոսկանյանը՝ ներողամտություն հայցելով տեղ գտած անճշտության համար։