Ալեք Ենիգոմշյանն իշխանությունների կողմից զանգ ստացավ

ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով լայնորեն ընդգրկված է «Սասնա ծռեր» զինված խմբի, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սէֆիլյանի և իշխանությունների, մասնավորապես՝ ԱԱԾ ղեկավարության միջև բանակցություններում, քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածք տանող Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունն էր հայտնել շենքի ներսում գտնվող խմբի անդամների հեռախոսակապի անջատմանկապակցությամբ, որը, ըստ նրա, կարող է նշանակել, որ իշխանությունները խզում են բանակցությունները: «Սա ոչ նպաստավոր վիճակ է բանակցությունների համար»,- ասել է նա:

«Երկուշաբթի օրվանից և երեկ այդ բանակցությունները շարունակվել են, ԱԱԾ ղեկավարության կողմից «Սասնա ծռեր» խմբի անդամներին պահանջներ են ներկայացվել իմ միջոցով, ներկայացրել եմ խմբի անդամներին: Դեռ չեմ բացի փակագծերը, թե որոնք են եղել պահանջները, և, թե ԱԱԾ ղեկավարությունն իմ միջոցով ինչ է փոխանցել տղաներին: Ես փոխանցել եմ այդ առաջարկ-պահանջը, և տղաներն ասել էին, որ այսօր ժամը 19:00-ին պետք է առաջարկ-պահանջներին պատասխան տային:

Այսօր խմբի անդամների հեռախոսակապի անջատումն այլ բանի մասին է խոսում, ես պետք է հաղորդակցության կապ ունենամ այնտեղ գտնվող տղաների հետ, հեռախոսակապը խզելով՝ իշխանությունները նաև խզում են ժամը 19:00-ին տղաների կողմից ԱԱԾ ղեկավարության առաջարկ-պահանջին պատասխան ստանալու՝ իմ հնարավորությունը:

Հեռախոսակապն անջատելը բանակցությունները խզելու քայլ է նշանակում, իշխանությունները պետք է կես ժամվա մեջ պատասխան տան ինձ՝ խզո՞ւմ են բանակցությունները, թե՞ ոչ, եթե իշխանություններն ինձ կես ժամվա ընթացքում պատասխան չտան, ուրեմն դա կնշանակի՝ պատասխան՝ բանակցությունները խզելու մասին: Այս պահից սկսած, այժմ ժամը 12:14 րոպե է, եթե մինչև 12:45-ն իշխանություններն ինձ հետ չկապվեն, դա կնշանակի, որ իրենք խզում են բանակցությունները և գնում են առճակատման ուղղությամբ, և այլևս ինձ հետ թող չկապվեն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Ալեք Ենիգոմշյանը:

Ի դեպ, նրա այս հայտարարությունից հետո, ՊՊԾ գնդի տարածք տանող Խորենացի փողոցում այս պահին աշխատող 168.am-ի լրագրողներն ականատես եղան, որ Ալեք Ենիգոմշյանը հեռախոսազանգ է ստանում, ամենայն հավանականությամբ՝ հենց իշխանություններից:

«Ես պայմանավորվածությունը չեմ խախտել, երեկվանից այսօր իրավիճակ է փոխվել»,- այս մասին Էրեբունիի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքի մոտ հեռախոսազանգին պատասխանելով՝ ասում էր Ալեք Ենիգոմշյանը։

Հայտնի չէ, թե ի՞նչ էր ասվում հեռախոսի մյուս կողմից, բայց զանգահարող կողմին Ալեք Ենիգոմշյանը խնդրում էր կապը վերահաստատել «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ, քանի որ դա միակ միջոցն է, որով նա կարող է տեղեկություն ստանալ նրանցից: Ըստ երևույթին, զրուցակիցներն ինչ-որ հարցի շուրջ պայմանավորվեցին, որովհետև Ալեք Ենիգոմշյանն ասաց՝ «լավ, եղավ», և անջատեց հեռախոսը։ Նա լրագրողների հետ զրույցում հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ իր այդ խոսակցությանը։

Րոպեներ անց 168.am-ի այլ թղթակցի հետ զրույցում Ալեք Ենիգոմշյանը հաստատեց, որ զանգն իշխանությունների կողմից էր, սակայն չմանրամասնեց՝ ասելով, որ ընթացքում տեղյակ կպահի:

Տեսանյութեր

Լրահոս