Ալեք Ենիգոմշյանը մինչև ժամը 12:45-ը ժամանակ է տալիս իշխանություններին

ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով լայնորեն ընդգրկված է «Սասնա ծռեր» զինված խմբի, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սէֆիլյանի և իշխանությունների, մասնավորապես՝ ԱԱԾ ղեկավարության միջև բանակցություններում, քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածք տանող Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց խմբի անդամների հեռախոսակապի անջատման և բանակցությունների հնարավոր խզման կապակցությամբ:

«Սա ոչ նպաստավոր վիճակ է բանակցությունների համար: Երկուշաբթի օրվանից և երեկ այդ բանակցությունները շարունակվել են, ԱԱԾ ղեկավարության կողմից «Սասնա ծռեր» խմբի անդամներին պահանջներ են ներկայացվել իմ միջոցով, ներկայացրել եմ խմբի անդամներին: Դեռ չեմ բացի փակագծերը, թե որոնք են եղել պահանջները, և, թե ինչ է փոխանցել ԱԱԾ ղեկավարությունն իմ միջոցով տղաներին:

Ես փոխանցել եմ այդ առաջարկ-պահանջը, և տղաներն ասել էին, որ այսօր ժամը 19:00-ին պետք է առաջարկ-պահանջներին պատասխան տային: Դեպի բանակցությունները խզում անելու քայլեր են կատարվում իշխանությունների կողմից: Մինչև երեկ երեկոյան բանակցությունները փակուղում չեն եղել, փոխանցել եմ տղաներին ԱԱԾ պահանջ-առաջարկները, տղաները հանգիստ ընդունել են՝ ասելով, որ այսօր կպատասխանեն, կասեն իրենց պատասխանը:

Այսօր խմբի անդամների հեռախոսակապի անջատումն այլ բանի մասին է խոսում, ես պետք է հաղորդակցության կապ ունենամ այնտեղ գտնվող տղաների հետ, հեռախոսակապը խզելով՝ իշխանությունները նաև խզում են ժամը 19:00-ին տղաների կողմից ԱԱԾ ղեկավարության առաջարկ-պահանջին պատասխան ստանալու՝ իմ հնարավորությունը:

Հեռախոսակապն անջատելը բանակցությունները խզելու քայլ է նշանակում, իշխանությունները պետք է կես ժամվա մեջ պատասխան տան ինձ՝ խզո՞ւմ են բանակցությունները, թե՞ ոչ, եթե իշխանություններն ինձ կես ժամվա ընթացքում պատասխան չտան, ուրեմն դա կնշանակի՝ պատասխան՝ բանակցությունները խզելու մասին:

Այս պահից սկսած, այժմ ժամը 12:14 րոպե է, եթե մինչև 12:45-ն իշխանություններն ինձ հետ չկապվեն, դա կնշանակի, որ իրենք խզում են բանակցությունները և գնում են առճակատման ուղղությամբ, և այլևս ինձ հետ թող չկապվեն:

Եթե խզում են բանակցությունները, ուրեմն գնում են գրոհի, ու եթե գնան նման քայլի՝ ես աղոթում եմ իրավիճակի համար… և ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը:

Տեսանյութեր

Լրահոս