Դավիթ Սանասարյանին և այլ քաղաքացիների Ազատության հրապարակից բերման ենթարկեցին
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրային քննարկումը: Նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանն ասաց, որ նախ՝ պետք հարգեն զոհված ոստիկանի՝ գնդապետ Արթուր Վանոյանի հիշատակը, հետո շարունակեն քննարկումը: Զոհի համար հավաքվածները մեղավոր են համարում միայն իշխանություններին:
Ա. Չիբուխչյանն ասաց, որ պետք է ելքեր մտածեն, որ էլ արյուն չթափվի, որ էլ «իշխանությունները բռնություն չգործադրեն»:
«Ժառանգություն» կուսակցության անամ Դավիթ Սանասարյանը հասարակությանը կոչ արեց անտարբեր չլինել՝ նշելով, որ ինքը դեմ է զենքով պայքարին, բայց եթե «մարդիկ գործ են արել, հանրությունը պետք է սոլիդարություն ցուցաբերի ու փողոց դուրս գա»:
Վարդգես Գասպարին առաջարկեց, որ հավաքվածների մի մասը գնա Էրեբունիի Ոստիկանության շենքի մոտ, մյուս մասը մնա Ազատության հրապարակում՝ մարդկանց համախմբելու համար:
Հավաքվածների մի մասն անիմաստ համարեց Էրեբունի համայնքում զինված խմբավորման կողմից գրավված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գնալը: «Գնում ենք՝ ի՞նչ անենք, երեկ 6 ժամ այնտեղ էինք, ի՞նչ արեցինք: Մի բաժանեք մեզ, Վաղինակի օրը մի գցեք, բավական է: Եկեք այստեղից աջակցություն ցույց տանք, գնանք այնտեղ՝ ի՞նչ անենք»,- հայտարարեց մի կին:
Հանրահավաքի ընթացքում հանկարծ իրավիճակը լարվեց, ոստիկանների և ցուցարարների միջև բախում սկսվեց, ոստիկանները որոշ քաղաքացիների, այդ թվում՝ նաև Դավիթ Սանասարյանին, բերման ենթարկեցին: Ցուցարարները «սիքտիր» գոռալով՝ սկսեցին շարժվել դեպի Մաշտոցի պողոտա, սակայն ակցիայի կազմակերպիչները ցուցարարներին հորդորեցին հետ գալ Ազատության հրապարակ:
Մանրամասները՝ առաջիկայում:
Լուսանկարները՝ 168.am-ի: