ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին
Հուլիսի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Արզումանյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Էմիլ Տարասյանը, այլ պաշտոնատար անձինք:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորինս արագ կազմակերպման համար, նշելով, որ գործարարների կողմից բարձրաձայնվող հարցերը կարևոր նշանակություն ունեն տարբեր ոլորտներում առկա հարցերի լուծման համար: Հանդիպման ընթացքում արծարծվել են ոսկեգործության, գարեջրագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցեր, որոնց շրջանակը լայն է եղել` հարկայինից մինչև մասնագետների պատրաստման խնդիրներ:
Քննարկվել են բեռնափոխադրման, փաստաթղթաշրջանառության, արտահանման ապահովագրության, պետական գնումների կարգավիճակին, արտադրողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է տեղական արտադրանքի խթանմանն ուղղված նոր գործիքակազմի մշակումը:
Ներկայացված առաջարկներին համապատասխան լուծում տալու համար նոր հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչը հնարավորություն կտա արդյունավետ դարձնելու դրանց հաջող իրականացումը: