Հայկական «Վօլօ» ընկերությունը սկսել է գործունեությունը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում

Հայկական «Վօլօ» ընկերությունն իր գործունեությունն է սկսել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

«Ընտրել ենք Գյումրին, որպեսզի ինովացիան մեր մարզերում ևս զարգանա, որպեսզի այնտեղի երիտասարդներն էլ աշխատանք ունենան, զարգանան, որ Գյումրիում ևս լինի պոտենցիալ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Վօլօ»-ի տնօրեն Արմեն Քոչարյանը:

Գյումրիում առայժմ աշխատում է փոքր թիմ, սակայն, Արմեն Քոչարյանի խոսքով՝ կա մեծ ցանկություն, որպեսզի թիմը մեծանա:

«Մենք վստահ ենք, որ գյումրեցիները շատ պետք է ներգրավված լինեն նման նախագծերում: Գյումրիում աշխատող ներկայիս թիմի մի խումբը ձևավորվել է թրեյնինգների միջոցով: Առաջիկայում նախատեսում ենք շարունակել նման թրեյնինգները: Մենք դեռ առաջին քայլերն ենք անում Գյումրիում: Այստեղ մի փոքր ամրապնդվելուց հետո կմտածենք հետագա քայլերի մասին»,- ասաց նա:

Արմեն Քոչարյանը նաև նշեց, որ «Վօլօ»-ի թիմն առաջիկայում գուցե համալրվի նաև այլ քաղաքներում աշխատող գյումրեցի մասնագետներով. «Գյումրեցի շատ մասնագետներ աշխատում են Երևանում: Առաջիկայում մենք նախատեսում ենք հրավիրել նրանց Գյումրի: Այսպիսով նրանք կունենան աշխատանք հենց իրենց քաղաքում և հետևաբար՝ ստիպված չեն լինի լքել այն»:

«Վօլօ» ընկերությունը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում շարունակելու է զբաղվել իր գործունեությամբ:

«Վօլօ»-ն իր գործունեությունը սկսել է 10 տարի առաջ՝ 2006 թվականին, Երևանում: Ընկերությունը Մայքրոսոֆթի «Արծաթե» գործընկեր է:

«Մենք հանձն ենք առնում իսկապես բարդ նախագծերի իրականացումը և նորարարական մոտեցումներ ենք ցուցաբերում, ինչը չեն անում շատերը։ Մենք մեր ընկերությունը կառուցել ենք փայլուն մտքի կրողների շնորհիվ, ովքեր հանդիսանում են համաշխարհային մակարդակի ծրագրավորողներ»,- պատմում են «Վօլօ» ընկերության ներկայացուցիչները:

«Վօլօ»-ն ունի աշխատանքի հստակ գաղափարախոսություն: Ընկերությունը չի առաջարկում իր սպառողներին ամեն հնարավորը, այլ մասնագիտացել է մի քանի կոնկրետ ոլորտներում, ինչը տալիս է հնարավորություն՝ ստեղծել ավելի մեծ տարածք նորարարությունների համար:

Հայկական ընկերության սպառողները միայն Հայաստանից չեն. ընկերությունը շատ պատվերներ ունի նաև արտասահմանից: Ընկերության տեղական պատվիրատուների թվին են պատկանում բազմաթիվ առևտրային ընկերություններ, ֆինանսական հաստատություններ, Հայաստանի խոշոր հեռահաղորդակցության օպերատորներ և տեղական կառավարման մարմիններ:
Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս