Մանվել Եղիազարյանը՝ փոխզիջումների մասին
«Եթե բանակցությունները շարունակվելու են, միանվագ և միանշանակ պետք է սկսվեն հետևյալ կետից՝ Արցախը, Քարվաճառը, Լաչինը, Զանգելանը անձեռնմխելի շրջաններ են, դրանք անկախ կարգավիճակ պետք է ունենան, կամ պիտի դառնան Հայաստանի անբաժանելի մաս, իսկ մյուս տարածքների համար կարելի է բանակցություններ վարել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Արաբո» ջոկատի հրանատար Մանվել Եղիազարյանը: Նա նշեց, որ եթե 5 շրջանները հանձնվում են, ապա դրա դիմաց Նախիջևանից մինչև Իրան տարածք պիտի վերցնենք՝ երկաթգիծ կառուցելու համար: «Որպես մարդ, որպես զինվորական, ի ծնե զինվոր՝ ես կարծում եմ հետևյալ կերպ՝ եթե մենք տալիս ենք այդ 5 շրջանները, մենք Նախիջևանից ուղիղ գծով մինչև Պարսկաստան պետք է հարթ տարածություն՝ հող վերցնենք, որտեղ կառուցենք մեր երկաթգիծը»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք չկա՞ այլ տարբերակ՝ ոչինչ չզիջել և շահող դուրս գալ, «Արաբո» ջոկատի հրամանատարը պատասխանեց, որ, իհարկե, այլ տարբերակ գոյություն ունի, երբ ունես նորմալ երկիր, ամրացնում ես սահմանները, զինում ես ժողովրդին. «Եվ ադրբեջանցիները դա կմոռանան, ինչպես մոռացան հույները Կիպրոսը կամ ուրիշ գրավյալ տարածություններ, որոնք ժամանակին վերցվեցին, միացվեցին Իսրայելին, միացվեցին Թուրքիային»: Նրա խոսքով՝ առաջին քայլը պետք է երկիրը կարգավորելը, սահմաններն ամրապնդելն ու ոչ մի թիզ հող չզիջելը: Նա նշեց, որ պետք է ամուր երկիր ունենանք, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն:
Դիտարկմանը, որ տեսակետ է շրջանառվում, թե այդ շրջաններն ազատագրվել են՝ հետագայում կարգավիճակի դիմաց ետ տալու նպատակով, Մանվել Եղիազարյանն արձագանքեց, որ եղել է մարտի դաշտում, շտաբներում, գրասենյակներում չի եղել, և այդպիսի խոսակցություն չի լսել. «Այդպիսի խոսակցություն, ամեն դեպքում, ես չեմ լսել»: