
«Իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես բանակցությունների ճանապարհով»

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քիչ առաջ դեպքերի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է.
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իր քաղաքական համոզմունքները խարսխում է քաղաքակիրթ քաղաքական բանավեճի վրա, որը զերծ է բռնության մեթոդներից և բացառում է քաղաքական մենաշնորհների հաստատումը իր բոլոր հնարավոր հետևանքներով։
Երևան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանում տարիների ընթացքում հասունացած բռնության մշակույթի և քաղաքական ատելության հետևանքն է, ինչը, ցավոք սրտի, այս անգամ ևս հանգեցրեց նոր արյունահեղության։ Մենք ցավ ենք ապրում յուրաքանչյուր մարդկային կորստի համար։
Մենք գտնում ենք, որ ներկայումս ամեն բան հարկավոր է անել՝ խուսափելու հետագա արյունահեղությունից և քաղաքական բռնությունների նոր ալիքից, ուստի ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես բանակցությունների ճանապարհով, ինչի համար պետք է ցուցաբերել զսպվածություն և գնալ խաղաղ երկխոսության»։