Բաժիններ՝

«Խնդրում եմ, կոչ եմ անում Պավլիկին՝ վայր դնել զենքերը, բաց թողնել իրավապահ մարմինների աշխատակիցներին». Գառնիկ Իսագուլյան

«Ամենավատ բանը, որ տեղի է ունեցել, այն է, որ հարձակում է եղել զորամասի վրա: Եվ պատկերացրեք՝ եթե հանկարծ այդ պահին զորամասում լինեին ամբողջությամբ զինված հատուկ ջոկատայինները ու մտածեին, որ սա դիվերսիոն խումբ է, որը հարձակվել է ոչ թե ինչ-որ քաղաքական նպատակ հետապնդելու համար, այլ հարձակվել է զորանոցը գրավելու, զենքերն առգրավելու ու մեծ գործողություն կատարելու համար: Բնականաբար, լինելու էր մեծ դիմադրություն, պատկերացրեք՝ ինչքան զոհեր կարող էին լինել»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, հավելելով՝ անհասկանալի է, որ եթե պահանջները լինելու էին քաղաքական, ապա ինչո՞ւ նման ձևով դրսևորվեց դա. հարձակում մի պետական կառույցի վրա, որտեղ զինված մարդիկ են, որոնք ուսադիրներ ունեն և հրամանի տակ են.

«Այսինքն՝ հարձակումը պետական պահպանության աշխատակիցների վրա, և հիմա էլ պատանդ պահելն այն մարդկանց, որոնք, նորից եմ կրկնում, հրամանի տակ են, որոնք երդում են տվել, շատ ծանր երևույթ է: Մյուս կողմում իսկապես կռված, հայրենասեր տղերք են, որոնք ժամանակին իրենց հայրենասիրությունն ապացուցել են: Բայց բոլոր դեպքերում, երբ որ պլանավորում էին նման գործողություն, պետք է հասկանային, թե ուր են գնում, ինչ են ուզում, և դրա հետևանքները ինչպիսին կարող են լինել: Այդ առումով միանշանակ պետք է ասեմ՝ այս երևույթը դատապարտելի երևույթ է»:

Հարցին՝ կարծիքներ կան, որ եթե Սէֆիլյանը մասնակցի բանակցություններին, իրավիճակը գուցե մեղմվի, արդյո՞ք իշխանությունը պետք է գնա նման զիջման, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ցանկացած մեկի բանակցության արդյունքում, եթե մենք կարող ենք խուսափել հավելյալ զոհերից, հավելյալ վիրավորներից և այս խնդիրը կարող է հանգուցալուծվել օրինական դաշտում, ապա պետք է գնալ դրան: «Ազգային անվտանգություն» կուսակցությունն արդեն իսկ հայտարարություն արել է այս դեպքի հետ կապված՝ առաջարկելով իր մասնակցությունը, եթե դրա անհրաժեշտությունը կա: Առավոտյան ինքս էլ եմ ասել, որ պատրաստ եմ ցանկացած պահի և՛ Պավլիկ Մանուկյանի (որին պատերազմի տարիներից շատ լավ ճանաչում եմ), և՛ Վարուժան Ավետիսյանի հետ խոսել, դրա համար նույնիսկ թույլտվություն եմ հարցրել ԼՂՀ նախագահից, որն ասել է, որ եթե նման անհրաժեշտություն լինի, իրենք կօգտագործեն այդ հնարավորությունը: Այդ առումով ցանկացած մեկի բանակցություն, ցանկացած մեկի այց, եթե կարող է խնդիրը խաղաղ հանգուցալուծման տանել, մենք պետք է գնանք այդ քայլին, որովհետև երկու կողմում էլ հայրենասեր հայորդիներ են: Պահպանության ծառայությունները, ուժային մարմինները կատարում են իրենց գործողությունները՝ օրենքի շրջանակներում, մյուս կողմից էլ՝ թեկուզ հուսահատված՝ հայորդիներ են, որոնք պայքարի և իրավիճակը փոխելու այլ ճանապարհ չեն տեսել, որը, նորից եմ կրկնում՝ սխալ է, բայց երևի այդ տղաների հետ պետք է լիներ մեկը, որ կարողանար բացատրել՝ բոլոր պարագաներում պայքարի նման ձևը, նման գործողության գնալը, նման կառույցի վրա՝ կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ ու նման կերպ վարվել չի կարելի»:

Կարդացեք նաև

Գառնիկ Իսագուլյանը համոզված է. «Հիմա պատանդ պահել պահպանության աշխատակիցներին կամ փոխոստիկանապետին, կամ քաղաքի ոստիկանության պետին (որին նույնպես շատ լավ ճանաչում եմ, նա շատ է շփվել ժողովրդի հետ, միշտ իրեն պահել է կոռեկտության սահմաններում) սխալ է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ցավալի է զոհ ունենալը. «Եթե զոհ չլիներ, հանգուցալուծումն այլ կերպ կլիներ: Ես ուղղակի որպես ընկեր՝  խնդրում եմ, կոչ եմ անում Պավլիկին՝ վայր դնել զենքերը, բաց թողնել իրավապահ մարմինների աշխատակիցներին ու գալ խաղաղ սեղանի շուրջ որոշակի խնդիրներ լուծելու»:

168.am-ի հարցին՝ այսօր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պահանջը չի կատարվելու՝ Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակել չեն կարող, նաև նշեց, որ դեռևս չի քննարկվել՝ Սէֆիլյանը կմասնակցի բանակցությունների, թե ոչ, ու ասաց, որ արյունահեղություն չեն ուզում, դրա համար չեն դիմում կտրուկ գործողությունների, հանձնվելու կոչ արեց, ինչպե՞ս կավարտվի այս ամենը,  Գ. Իսագուլյանը պատասխանեց.

«Իրավապահ մարմիններն օպերատիվ իրավիճակին տիրապետում են անմիջականորեն, ես՝ կողքից: Ուղղակի իշխանություններին, այդ թվում՝ ուժային մարմիններին, կհորդորեի, որ բոլոր պարագաներում օգտագործեն ամենախաղաղ ու մատչելի ձևերը, որ որևէ մեկի արյունը չթափվի: Այդ տղաները ահաբեկիչներ չեն, հարկավոր է նրանց հետ լեզու գտնել: Սա շատ կարևոր հանգամանք է: Դրանից հետո պետք է աշխատի օրենքը: Կարծում եմ՝ սա է հանգուցալուծման հիմնական ճանապարհը: Ամենակարևորը, որ Հունան Պողոսյանն ասում է՝ ամեն ինչ անելու են, որ արյուն չթափվի: Իսկ տղաներն այս պահին հատատ գտնվում են որոշակի աֆեկտի ազդեցության տակ, ու կարծում եմ՝ ժամանակ է պետք, որ իրենք այդ վիճակից դուրս գան ու դրանից հետո կկայացնեն ճիշտ որոշում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս