«Երբ առաջնագծում պատերազմ է և Ադրբեջանի հետ կապված մեր խնդիրները չեն ավարտվել, իրավունք չունենք այստեղ իրար վրա զենք բարձրացնել». Թևան Պողոսյան
«Զենքի ուժով արտաքին թշնամու հետ են պայքարում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը` անդրադառնաով Երևանում այսօր վաղ առավոտից կատարվող զինված իրադարձություններին:
Նա նշեց, որ ճիշտ կլինի, որպեսզի երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ խոսենք բանակցությունների և ոչ թե զենքի լեզվով: Թևան Պողոսյանի խոսքով` դժվար է արդարացնել բռնության մեխանիզմները, բայց դրա հետ մեկտեղ սա բոլորի, հատկապես իշխանությունների համար պետք է ահազանգ լինի, որ երբ մարդիկ ցանկացած պարագայում խնդիրներ են բարձրաձայնում, դրանց պետք է միանգամից ուշադրություն դարձնել:
«Այս իրավիճակը պետք է գիտակցության կանչի բոլոր կողմերին, և հուսով եմ, որ հանգուցալուծումը կհասնի բանակցությունների միջոցով` առանց արյունահեղության: Արդեն տեղեկություն կա, որ մեկ ոստիկան սպանվել է, կան վիրավորներ, և ինձ թվում է` հատկապես այս օրերին, երբ առաջնագծում պատերազմ է և Ադրբեջանի հետ կապված մեր խնդիրները չեն ավարտվել, մենք իրավունք չունենք այստեղ իրար վրա զենք բարձրացնել»,- ասաց նա: