Բաժիններ՝

«Չենք ուզում արյունահեղություն լինի». Հունան Պողոսյան

«Ներսում պատանդ են պահում ոստիկանության 6 աշխատակիցներին, զինված են: Վիրավորները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ, տեղափոխվել է նաև մահացածի դին: Նաև ոստիկանության օպերատոր է վիրավորվել»,-րոպեներ առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ հավելելով, որ սպանված ոստիկանը իրենց վաղեմի աշխատակիցներից էր. «Ցավակցում եմ նրա ընտանիքին: Մեր բոլորի, այդ թվում՝ իմ վաղուցվա մարտական ընկերն էր, լավագույններից մեկն էր: Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր, տեղափոխվել են և՛ քաղաքացիական հիվանդանոցներ, և՛ Մուրացանի հոսպիտալ»:

Հարցին՝ քանի՞ հոգի են հարձակվողները, նա պատասխանեց՝ մի խումբ մարդիկ. «Թույլ տվեք՝ թվեր չհրապարակել»:

Նա նշեց, որ հարձակվել են խաղաղ պայմաններում. «Պահակա-պարեկային ծառայության գունդ են մտել՝ ձեր, իմ, մեր անվտանգությունը պահող ոստիկանին սպանելով և ոստիկանի կողմից համարժեք պատասխան չստանալով»:

Փոխոստիկանապետը կոչ արեց նաև հետևել պաշտոնական լրահոսին. «Օրինակ՝ խոսվում է օդանավակայանների գրավման մասին, նման բան չկա, ինչ կատարվել ու կատարվում է, կատարվում է ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի ներսում: Եթե նրանք ասում են, որ վերցրել են մեր գնդի զենքերը, ապա չարաչար սխալվում են. ի սկզբանե զինված հարձակում են գործել: Հնարավոր է պայթուցիկ սարք էլ լինի իրենց մոտ: Վերահսկողությունը պատշաճ իրականացվել է ու շարունակվում է իրականացվել, ուղղակի չենք ուզում լինի արյունահեղություն»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս