«Հարցեր լուծելու համար կան այլ ճանապարհներ». Վազգեն Մանուկյանը՝ զինված հարձակման մասին

Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անօրինական գործողություններով հարցեր լուծելն անընդունելի է համարում: «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով մի խումբ զինված անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու և բռնության սպառնալիքով այնտեղ մարդկանց պահելու քայլերը, Մանուկյանն ասաց. «Նման անօրինական գործողություններով հ արցեր լուծելն անընդունելի է, ես կողմնակից չեմ այսպիսի քայլերի: Դրանք միայն վնաս են հասցնում Հայաստանին, իսկ հարցեր լուծելու համար կան այլ ճանապարհներ»:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ նշված է. «Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սէֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջութամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար: Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զանգվածային
լրատվության միջոցներին տեղեկատվություն տարածելիս օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները, հակառակ դեպքում սփռվող ապատեղեկատվությունը նպաստում է ձեռնարկված հանցավոր գործողությունների իրականացմանը, վտանգ ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս