
Ոստիկանության պետական պահպանության գնդի ուղղությամբ բոլոր ճանապարհները շարունակում են փակ մնալ

Երևանում այսօր վաղ առավոտյան «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները, «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամները գրավել են Ոստիկանության Էրեբունու շրջանի գումարտակը։ «ՀՀ մայրաքաղաքում ապստամբություն է սկսվել»,- սոցիալական ցանցերով տեղեկացրել էին «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) անդամները:
Նրանք զգուշացրել են, որ չեն բանակցում և պահանջում են Ժիրայր Սէֆիլյանին:
«Վլադիմիր Գասպարյանի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանը մեզ մոտ է: Հիմա պետք է բանակցի, որ Ժիրայր Սէֆիլյանին նույնպես բերեն մեզ մոտ, որպեսզի սկսենք բանակցությունները: Բանակցութունները մեր կողմից իրավասու է վարել միայն Ժիրայր Սէֆիլյանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀԽ մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նրանց հիմնական պահանջն է. «Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը»:
Ոստիկանական մեքենաները, զրահամեքենաները վաղ առավոտից փակել են ոստիկանության Էրեբունու բաժին տանող ճանապարհները: Խորենացի փողոցը նույնպես փակ է։ Ըստ լուրերի՝ ոստիկաններից մեկը վիրավոր է և վիրահատվում է Մուրացանի հոսպիտալում։ Քաղաքի այդ հատված տանող փողոցներն ամբողջությամբ փակված են բեռնատար մեքենաներով: Այս պահի դրությամբ ոստիկանությունը դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: Էրեբունի վարչական շրջանի բնակչությանը հրահանգվել է դուրս չգալ իրենց բնակարններից, իսկ ովքեր էլ դրսում են, ճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողանում գնալ տուն:
Դեպքի վայր էր այցելել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով փորձել է բանակցություններ վարել կազմակերպիչների՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների հետ: Ն. Փաշինյանը, հետագայում, լրագրողների հետ զրույցում պատմել է, որ ոստիկանության գնդում եղել են 7 ոստիկաններ, որոնց ավելի ուշ միացել են Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, որտեղ նրանք այս պահին գտնվում են պատանդի կարգավիճակում:
Քիչ առաջ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն ը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին բերման ենթարկելու մասին: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր վաղ առավոտյան առանց իրավական հիմնավորման Արթիկ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը»:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել այսօր՝ հուլիսի 17-ին Երեւանում կատարվող իրադարձությունների մասին, որում ասվում է.
«Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Պետական իշխանության մարմինները գործում են բնականոն ռեժիմով, իսկ իրավապահ մարմինները հավուր պատշաճի իրականացնում են օրենքով իրենց վերապահված հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության ապահովման գործառույթները: Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: